Էդգար Ղազարյան. «Նիկոլ Փաշինյանը իմ դեմ հարձակում է սկսել բոլոր հնարավոր իրավական գործիքներով եւ որոշել է իմ դեմ իրականացնել անզիջում եւ հետեւողական պայքար»

Hetq.am-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի։ Փաշինյանը պահանջում է, որ Ղազարյանը հերքի իր հասցեին հնչեցրած՝ իր գնահատմամբ, զրպարտություն համարվող հայտարարությունները և վճարի 6 մլն դրամ փոխհատուցում։

Մասնավորապես, Փաշինյանը պահանջում է հերքել Ղազարյանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 27-ի հարցազրույցում հնչեցրած այն տեղեկությունը, թե 2020թ.-ի հոկտեմբերի 6-ից հետո Ադրբեջանի առաջխաղացումը և պաշտպանական բնագծի ճեղքումը սկսվել են այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ստեփանակերտ, այնտեղ խորհրդակցություն անցկացրել հրամանատարաշտաբային կետում, վերադարձել և սկսել է թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ։

Հայցով Փաշինյանը պահանջում է, որ Ղազարյանը հայտարարի, թե այդ տեղեկություններն ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հերքումը, ըստ հայցի, պետք է իրականացվի «Նյուզ Էյ Էմ» ՍՊԸ-ի միջոցով՝ ուղիղ եթերում, վճռով նշված բուն տեքստը տեսաձայնագրմամբ ընթերցելու միջոցով, «Հերքում՝ 27.09.2026թ. հարցազրույցի ընթացքում իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների վերաբերյալ» խորագրով։

Փաշինյանը նաև պահանջում է, որ հերքումը չպարունակի Ղազարյանի կամ որևէ երրորդ անձի լրացուցիչ մեկնաբանություն և սահմանափակվի բացառապես հերքման տեքստով։

Նշենք, որ հայցը դատարան է ներկայացվել երեկ՝ 2026թ.-ի հոկտեմբերի 1-ին։ Գործը մակագրվել է դատավոր Մարինա Տաշչյանին, սակայն, հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել»։

Aravot.am-ը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին խնդրեց մեկնաբանել իր դեմ հարուցվող հերթական գործը։

«Ես, անկեղծ ասած, մամուլից եմ իմացել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իմ դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել։ Կարծում եմ՝ սա ուղղակի իմ դեմ իրականացվող ընդհանուր քաղաքական արշավի մի մասն է կազմում, որովհետեւ մամուլն այդ մասին գրել է ինձ դատարանի կողմից մեղավոր ճանաչելու, ազատազրկման դատապարտելու մասին որոշման հաջորդ օրը։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը իմ դեմ հարձակում է սկսել բոլոր հնարավոր իրավական գործիքներով։ Եվ քրեորեն դատապարտելու իմ գործունեությունը, եւ քաղաքացիական հայցեր ներկայացնելով՝ որոշել է իմ դեմ իրականացնի անզիջում եւ հետեւողական պայքար։

Ես հայցի բովանդակությանը ծանոթ չեմ, որովհետեւ չեմ ստացել։ Այն, ինչ-որ մամուլից եմ տեղյակ, կարծում եմ, որ ինքը շատ դժվար նախաձեռնություն է վերցրել իր վրա, որովհետեւ հերքում է ուզում եւ որքան հասկանում եմ, իր հայցը վերաբերում է պատերազմական հանգամանքների վերաբերյալ հանգամանքներին։ Ես կարծում եմ, որ ինքը դժվար գործ է նախաձեռնել իմ հետ այդ հարցով վիճելու։ Իմ բոլոր փաստարկները չափազանց հիմնավոր են եւ ես որտեղ պետք լինի, այնտեղ դա կապացուցեմ։

Ինչ-որ իմաստով նաեւ ուրախ եմ, որ նախաձեռնությունը իրենից է, որովհետեւ սա առիթ կլինի հրապարակային վերլուծելու պատերազմական բոլոր հանգամանքները, որի հետ ինքը ուղիղ առնչություններ ունի։ Ես կարծում եմ, որ այս քաղաքացիական հայցում ինքը պարտվելու է, ու սա կարող է քրեական գործընթացի հիմք հանդիսանալ իր դեմ»,-ասաց պատգամավորը։

Էդգար Ղազարյանը չի պատրաստվում կատարել հայցադիմումում Նիկոլ Փաշինյանի նշած պահանջները։ «Ի՞նչ հերքելու մասին է խոսքը։ Երբ հայցը ստանանք, մենք մեր դիրքորոշումը հստակ կներկայացնենք։ Ամեն ինչը փաստերով, իրադարձություններով, ամսաթվերով։ Եվ ինքը արդեն պիտի սկսի պարզաբանումներ ու բացատրություններ տալ այդ փաստերի դիմաց։

Ես կգնամ դատական նիստին, թե փաստաբանը կգնա, երբ հայցն ստանանք, այդ ժամանակ կպարզենք, թե ինչ ձեւաչափով կմասնակցենք։ Ինքը կգա՞՝ մեծ հաճույքով կգնամ։ Բայց կարծում եմ, որ դատը պիտի ընթանա հրապարակայնորեն։ Եթե ինքը պատրաստ է ինձ հետ պատերազմական հանգամանքների վեճի քննարկման, ես պատրաստ եմ դրան։ Շատ հարցեր կան, որ ինքը պետք է դրանց պարզաբանումներ տա։ Իսկ ես իմ ասածների ապացույցները շատ հստակ ձեւով կներկայացնեմ»,- ասաց մեր զրուցակիցը։

Իսկ դիտարկմանը, թե քանի որ խոսքը պատերազմական հանգամանքների մասին է, մտահոգություն չկա՞, որ դատական նիստերը կարող են ընթանալ դռնփակ ռեժիմով, «Ուժեղ Հայաստան» պատգամավորական խմբակցության անդամը պատասխանեց. «Չեմ կարող ասել։ Դա դատարանն է որոշում։ Ամեն դեպքում հայցը քաղաքացիական է եւ ենթադրում է դատական դռնբաց լսումներ, եթե դատարանը ուրիշ բան չորոշի»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment