«Դար 21»-ը՝ Փաշինյանին․ Սեպտեմբերի 27-ին հեռարձակել ենք ոչ տոնական երաժշտություն

«Դար 21» հեռուստաընկերությունն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 1-ի ճեպազրույցի ընթացքում արած հայտարարությանը և պարզաբանում տարածել։

«Դար 21» մասնավոր հեռուսաալիքի խմբագրակազմը հեռուստադիտողներին տեղեկացնում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն։

Լուրերի թողարկումներում անդրադարձել է 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում տեղի ունեցած հիշատակի միջոցառումներին։

Հեռուստաալիքը հանրությանը հայտնի է որպես երաժշտական ալիք ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացած հեռարձակման լիցենզիայի համաձայն` պարտավորություն ունի եթեր հեռարձակել երաժշտություն։

Ի դեպ, մի առիթով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Դար 21» հեռուստաընկերության մասին, այն գնահատել էր որպես ճաշակով երաժշտական ալիք»,-ասվում է պարզաբանման մեջ:

Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Հանրային հեռուստատեսության եթերում սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակմանը և դրա արձագանքին, ասել էր, որ «երբ «Դար 21»-ի աշխատողներին ազատեն, Հանրայինն էլ կմտածի»: Նա նաև ասել էր, որ ուղերձով հանդես չի եկել, քանի որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ պարզապես նոր ասելիք չկար:

Leave a comment