Գագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի գործով քննությունն ավարտվել է (PAN.am)

Քննչական կոմիտեն ավարտել է հայտնի գործարար և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ևս ութ անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը և գործն ուղարկել հսկող դատախազին։

«Գագիկ Ծառուկյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հրապարակման մեջ:

ՔԿ-ի տեսանյութում գործը քննող քննիչն ասում է, որ տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն Իրանի 2 քաղաքացուց: Ըստ նրա՝ «Ծառուկյանն ու հանցավոր խումբն ապօրինի ճանապարհով ստացած ավելի քան 8 մլրդ դրամին համարժեք 21 մլն դոլար արժողությամբ գույքերը, տրանսպորտային միջոցները, տարբեր վառելանյութեր, շինարարական և պարենային ապրանքները օրինականացրել են, միախառնել դրանցից ստացած եկամուտներն իրենց օրինական եկամուտներին և այդ եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում»:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը։Հայցադիմումով, ի թիվս այլ գույքի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք պահանջվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նաև «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը։

Բացի այդ, հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք։

Leave a comment