Հոկտեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցեր. գոհունակությամբ ընդգծվել է Գործընկերության կանոնադրությամբ սահմանված տարբեր ոլորտներում դինամիկ աճող փոխգործակցությունը:
Մտքեր են փոխանակվել ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների հասարակությունների միջև քաղաքակրթական ընդհանրությունների վրա հիմնված կապերի խթանման ուղղությամբ շարունակական աշխատանքների շուրջ:
Արարատ Միրզոյանը և Ռայլի Բարնսը քննարկել են տարածաշրջանային զարգացումները և հաստատված խաղաղության պայմաններում տնտեսական փոխկապակցվածության զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը:
Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի:
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: