դատական նիստում այսօր շարունակվեց գրավոր ապացույցների հետազոտությունը։
Առաջին արձանագրության ուսումնասիրությունը վերաբերում էր զենքերի փորձաքննությանը։ Հետազոտության ավարտից հետո առաջինը արձագանքեց պաշտպան Մկրտիչ Դավթյանը։
«Տպավորություն է, որ փորձագետ լինելը բարդ բան չէ։ Ես էլ կարող էի զենքը նայել ու ասել՝ ակոսավոր է, թե այլ բան է։ Քրեական դատավարության օրենսգրքում չկա նորմ, որ փորձագետը կարող է պարզապես աչքով նայելով արձանագրել հրացանի փամփուշտի չափերը։ Ես էլ կարող եմ ասել՝ ինչո՞ւ 12, եթե ոչ 8 կամ 16։ Որսորդական հրացանների փամփուշտների 8, 14, 16 չափեր կան։
Այս ամբողջ տեսագրության ընթացքում որևէ գործիք, չափման միավոր՝ հրացանի փողի լայնությունը ստուգելու, դրանով պայմանավորված՝ ինչ չափի փամփուշտ է օգտագործվում և այլն, չի կիրառվել։ Ընդամենը ակնադիտական զննության արդյունքում փորձագետը տվել է եզրակացություն։ Նման եզրակացությունը հիմնավոր չէ»,– ասաց նա։
Բագրատ Սրբազանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ հավելեց.
«Այս ամենը վերաբերելի չէ գործին։ Մեղադրողները ներկայացրել են որպես ապացույց, սակայն չեն էլ պարզաբանել, թե սրանցով ինչ փաստական հանգամանքներ են հաստատվում։
Այս նյութի հետազոտությունը մեզ ի՞նչ է տալիս։ Տեսնում ենք, թե ինչ գործընթացով է անցնում զենքերի զննությունը, և դա պետք է համադրենք այն բանի հետ, թե ինչ մեղադրանք է առաջադրված անձանց։
Երբ Քննչական կոմիտեն քննում է ահաբեկչության նախապատրաստման հանցակազմ, և իրականում, եթե տրամադրված է, որ տեղի է ունեցել ահաբեկչություն ու այդ գործը պետք է բացահայտել, միանշանակ այս զենքերը չէին կարող այս եղանակով զննվել։
Տեսնում ենք, որ քննիչը որևէ հանձնարարություն չի տվել, որ այս զենքերը պետք է զննվեն ձեռնոցով, հետքեր չթողնելով և առավել զգուշությամբ։ Այսինքն՝ ի սկզբանե չեն ունեցել այն վարկածը, որ այս զենքերը կարող են քրեական գործի համար նշանակություն ունենալ։
Բայց Քննչական կոմիտեն ցանկացել է այս զենքերի առգրավմամբ գեներացնել քաղաքական շոու։ Դրա համար էլ պարբերաբար, ապացույցների հետազոտման ընթացքում, տեսնում ենք, որ իրավական գործընթացներին բնորոշ գործողություններ չեն կատարվում»,– ասաց Խուդոյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Ալիս Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: