«Ես ներկա եմ եղել, որ ձերբակալել են, մեր համապատասխան մարմինները շատ օպերատիվ աշխատել են, փառք ու պատիվ իրենց։ Ես էլ իրենց կողքին էի՝ ձերբակալեցին, վերցրեցին տարան, վերջ»,- «Առավոտ»-ին ասաց Շաքի գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը՝ անդրադառնալով այսօրվա միջադեպին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ ադրբեջանցի զինծառայողը, ներթափանցելով Սյունիքի մարզի Շաքի գյուղ, կրակել է բնակչուհիներից մեկի ոտքին։ Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալվել է։
Շաքիի վարչական ղեկավարն ասաց, որ ձերբակալության պահին իրենք հստակ չեն իմացել՝ հանցագործը ադրբեջանցի է, թե այլ ազգության ներկայացուցիչ։
Ռուբեն Մանուչարյանի խոսքով՝ ադրբեջանցու ձերբակալությանը ներկա են եղել նաեւ գյուղացիները։ «Ժողովուրդը հավաքվել էին, բայց իրավապահ մարմինները նրանց հետ էին պահում, այդ հարցով զբաղվում էին միայն զրահաբաճկոններով համապատասխան մարդիկ, ես էլ իրենց հետ կանգնած էի»,- ասաց նա։
Մանուչարյանն ասաց, որ գյուղում խուճապ չկա․ «Մեր գյուղն ամենաուժեղ գյուղերից մեկն է, ամենամարտական տրամադրվածն է։ Ի՞նչ է եղել, որ մարդիկ խուճապի մատնվեն։ Մենք նախապես իրազեկել ենք բոլորին, որ կա փոքրիկ իրավիճակ, շատ հնարավոր է՝ տեսնեք ինչ-որ մեկին, խուճապի չմատնվեք, իսկույն տեղեկացրեք վարչական ղեկավարին ու համապատասխան մարմիններին, որպեսզի կարողանանք հեշտ վնասազերծել»։
Նա ասաց, որ տուժած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արխիվային լուսանկարում՝ Ռուբեն Մանուչարյանը կենտրոնում է
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: