Աշոտյանի պաշտպանը վիճարկեց 208 մլն դրամի գույքային պահանջի իրավաչափությունը

Հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուսների գործով դատական նիստում քննարկվեց դատախազի ներկայացրած գույքային պահանջի հարցը։

Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ գույքային հայցը կամ պետք է վերադարձվի հանրային մեղադրողին՝ թերությունները վերացնելու համար, կամ չընդունվի վարույթ։

«Կամ պետք է վերադարձվի հայցը, որպեսզի վերաձևակերպվի։ Հայցապահանջն այսպես է ձևակերպված՝ մեղադրյալ Աշոտյանից ու մյուսներից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 208 միլիոն 908 հազար դրամ՝ բռնագանձումը տարածելով նրանց դրամական միջոցների կամ գույքի վրա։

Ըստ հայցի ձևակերպման՝ այս գործով կան նաև այլ մեղադրյալներ, այլ անձինք, որոնք ներգրավված են ենթադրյալ արարքի մեջ։ Խոսքը Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների մասին է։ Եթե վնասը մոտ 208 միլիոն դրամ է, այն չի կարող տարածվել միայն երեքի վրա։ Հասկանալի չէ, թե ինչու որոշված չէ՝ ով որքան վնաս է պատճառել։

Այստեղ ունենք օժանդակության, հանցակցության մեղադրանք։ Ըստ մեղքի՝ վնասը բաժանված չէ։ Նման պայմաններում հայցադիմումը չի կարող բավարարվել, այն ակնհայտ ենթակա է մերժման»,– ասաց Աթանեսյանը։

Գործով անցնող բոլոր պաշտպանները միացան Աթանեսյանի դիրքորոշմանը։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ պնդեց, որ գույքային հայցը ժամանակավրեպ է։

«Նախնական դատալսումների տրամաբանությունն այն է, որ սուբյեկտների ու բոլոր տիպի պահանջների հարցը կարգավորվում է մինչև ապացույցների հարցի քննարկումը։ Խնդրում եմ չընդունել այս գույքային հայցը և այն հայտարարել ժամանակավրեպ»,– ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը մեղադրվում է այն բանում, որ 2009-2016 թվականներին, հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ և զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, լիազորված լինելով խթանել կրթության և գիտության զարգացումը, ինչպես նաև մշակել և իրականացնել այդ ոլորտներում ՀՀ կառավարության քաղաքականությունը, Գագիկ Խաչատրյանի և վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նյութական օգուտը ապահովելու նպատակով, խմբի կազմում և այլ անձանց հանցակցության պայմաններում, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։

Ըստ մեղադրանքի՝ դրա արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ 208 միլիոն 908 հազար 500 դրամ արժեքով, 451,1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մասը կազմող հողամասը։ Ըստ մեղադրանքի՝ գույքը փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականությանը՝ ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, օրենքի դրույթի կոպիտ խախտմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունը զրկվել է իրեն հատկացված գույքն իր նպատակային նշանակությամբ՝ ուսումնական նպատակներով, տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից։

Ըստ մեղադրանքի՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2011 թվականի փետրվար-հուլիս ամիսներին, շրջանցելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքը, համաձայնություն է տվել ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գտնվող «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Երևան քաղաքի Ե. Կողբացու 42 հասցեում գտնվող 450 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի վրա կառուցված երկհարկանի մարզադահլիճը փոխանակել Երևան քաղաքի Պուշկինի 38/1 շենքի թիվ 59 տարածքի հետ, որը ուսումնական նպատակներով օգտագործման համար ակնհայտորեն անհամապատասխան էր։

Այսօր ավարտվեցին նախնական դատալսումները, և գործն անցավ հիմնական դատաքննության փուլ։

Հաջորդ դատական նիստում դատավարության կողմերը հանդես կգան բացման խոսքով։ Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 8-ին։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment