ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համար իշխանական պատգամավորների պահվածքն ու ելույթները ԵԽԽՎ-ում զարմանալի չեն։ Նրա խոսքով՝ «եթե մարդն անդաստիարակ է իր տանը, նա անդաստիարակ է նաև հյուր գնալիս»։
Աշոտյանը լրագրողների հետ զրույցում այսօր նշեց, որ ԵԽԽՎ-ում պատգամավորների պահվածքն «այն աստիճանի զարհուրելի էր», որ ստիպեց նույնիսկ իրենց համակրող քաղաքական ինստիտուտին դիտողություն անել։ Նրա գնահատմամբ՝ սա «բարոյական անկման հերթական ցուցանիշն ու անդաստիարակության նշանն է»։
Անդրադառնալով դիտորդական առաքելության եզրակացությանը՝ Աշոտյանն ասաց, որ խախտումներն այնքան շատ էին, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը «սեփական երեսը փրկելու համար» պարզապես չէր կարող դրանք չարձանագրել։ Նրա խոսքով՝ այստեղ որևէ քաղաքական դիրքորոշման փոփոխություն փնտրել պետք չէ։
«Ընդդիմադիրները չպետք է ստեղծեն կեղծ նարատիվներ, կեղծ սպասումներ և չպետք է գերագնահատեն այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել զեկույցում։ Դրանք ճշմարտության մի մասն են ընդամենը։ Պարզապես այս տարիներին այնքան են անտեսել Հայաստանում կեղծիքները, քաղաքական հետապնդումները, մարդու իրավունքների նահանջը, որ եթե մի փոքր բառ են ասում, միանգամից ոգևորվում ենք»,– ասաց նա։
Աշոտյանն անդրադարձավ նաև սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Թաթայի համերգի հեռարձակմանը։
«Ես վստահ եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը փորձել է շոշափել հանրային տրամադրությունները։ Քանի որ մինչ այդ «մարսել» են սեպտեմբերի 19-ը, երբ Արցախյան մեկօրյա պատերազմի օրերին նույնպես տոնախմբություններ էին տիրում եթերներում ու իշխանական Հայաստանում, մտածեցին՝ 27-ն էլ այդպես անեն։
Հ1-ի բացատրությունները, երևանյան ժարգոնում օգտագործվող «էժանագին կռուտիտ» արտահայտությունից բացի, այլ բառով դժվար է բնութագրել։ Ես շատ լավ գիտեմ, թե այսօրվա Հ1-ում ինչպես է այդ եթերային քաղաքականությունը որոշվում։
Ամոթի աստիճանն այն մակարդակի է, որ Ադրբեջանում՝ ագրեսոր երկրում, նույն օրը նշվում է որպես հիշատակի օր։ Այդքանը դեռ բավական չէ, մի հատ էլ միջազգային մամուլն է դա այդպես լուսաբանում»,– ասել է Արմեն Աշոտյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: