Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր արգելքը վերացվեց

Բաժանորդագրվել

Ցեմենտի ներմուծումը հիմնականում իրականացվում է Իրանից։ Ցեմենտի ներմուծման սահմանափակման վերացումը հնարավորություն կտա ներմուծում անել նաև այլ երկրներից, օրինակ` Վրաստանից։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Երրորդ երկրներից դեպի Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր` 6 ամսյա արգելքը վերացվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ժամանակավոր արգելքը գործելու էր 2026 թ. հուլիսի 23–ից մինչև 2027 թ. հունվարի 23–ը։

Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ–ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով. երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանվել էին ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում էր 8000 դրամ պետական տուրք։

«Ներկայում առկա են լոգիստիկ բարդություններ ցեմենտի ներկրման հետ, ինչը ավելացնում է բեռնափոխադրման արժեքներն ու ժամկետները, և գործող կարգավորման կիրառման արդյունքում ևս ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի հարաբերակցության փոփոխությունը նպաստել է ցեմենտի իրացման մրցակցային անհավասար պայմանների ձևավորմանը։ Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակման պահպանման նպատակահարմարությունը և ապահովել ներքին շուկայում ցեմենտի բավարար առաջարկի և իրացման համար առավել հավասարակշռված մրցակցային պայմանների ձևավորման անհրաժեշտ նախադրյալներ»,– ասված է որոշման մեջ։

Ցեմենտի ներմուծումը հիմնականում իրականացվում է Իրանից։ Ցեմենտի ներմուծման սահմանափակման վերացումը հնարավորություն կտա ներմուծում անել նաև այլ երկրներից, օրինակ` Վրաստանից։

Նշենք, որ օրեր առաջ, անդրադառնալով ցեմենտի շուկայում առկա դեֆիցիտի մասին ահազանգերին, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «ֆեյսբուքում» գրել էր, որ դա պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով։

Նախարարը հավաստիացրել էր, որ պետական կառավարման անցած «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ, օգոստոսին արտադրել է 95,3 հազար տոննա ցեմենտ, ինչը շուրջ 16 հազար տոննայով ավելի է հուլիսի ցուցանիշից և 26 հազարով ավելի՝ հունիսից։

Leave a comment