«Ուժեղ Հայաստան»․ Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցի մեղմացումն ընդամենն առաջին քայլն է

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է հրապարակել՝ անդրադառնալով իր անդամ Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելուն: Նշվումէ, որ դա ընդամեննն առաջին քայլն է:

Ըստ կուսակցության՝ իսկական արդարադատությունը ենթադրում է քաղաքականապես ուղղորդված այս կարված գործի ամբողջական կարճում:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջամարտիկ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ մեղադրող կողմի միջնորդությունը դատարանը մերժել է և որոշում կայացրել կալանավորումը փոխարինել 3 ամիս ժամկետով տնային կալանքով: Այս որոշումը հաջորդում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հրապարակած` «Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության վերաբերյալ» զեկույցին, որում արձանագրել էր ընդդիմախոսների նկատմամբ իշխանության գործադրած քաղաքական ճնշումներն ու հետապնդումները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ընդգծում է. Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենն առաջին քայլն է նրա լիակատար ազատության վերականգնման ճանապարհին: Իսկական արդարադատությունը ենթադրում է քաղաքականապես ուղղորդված այս կարված գործի ամբողջական կարճում և որևէ խափանման միջոցի իսպառ վերացում:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ իշխանությունների պատվերով իրականացվող քրեական հետապնդումները նպատակ ունեն լռեցնելու ընդդիմադիր գործիչներին և կոտրելու քաղաքական դիմադրությունը, ինչը, սակայն, ձախողվում է:

Ոչ մի ապօրինի կալանք կամ վարչական ճնշում չի կարող ընկճել «Ուժեղ Հայաստան» կուսակցության վճռականությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ կուսակցությունը շարունակելու է հետևողական պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման և Հայաստանում «իրավական պետության սկզբունքների վերականգնման համար»:

Ալիկ Ալեքսանյանը մեղադրվում է հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեջ:

Leave a comment