Ադրբեջանական «Qafqazinfo» լրատվամիջոցը տեղեկություն է տարածել «Թբիլիսիի մերձակայքում գտնվող այգում տապալվել է Ադրբեջանի դրոշով ցուցանակը» վերնագրով։
Հրապարակման մեջ պնդվում է, որ Թբիլիսիի մերձակայքում գտնվող Կրծանիսիի ազգային անտառային պարկում տապալվել է Ադրբեջանի պետական դրոշի պատկերով ցուցանակը, իսկ դրոշի պատկերը քերծված է եղել։ Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին։
Միևնույն ժամանակ, «Qafqazinfo»-ն առանձին նշում է, որ կողքին գտնվող Վրաստանի պետական դրոշի պատկերը չի վնասվել։
Հրապարակման հետ միասին լրատվամիջոցը տարածում է նաև դեպքի վայրից լուսանկարներ, որոնցում երևում է տապալված ցուցանակը։
Նույն տեղեկությունն ու լուսանկարները սկսել են տարածել նաև Վրաստանում գործող ադրբեջանալեզու լրատվամիջոցները։ Մասնավորապես, համապատասխան հրապարակումներ են հայտնվել 24News.ge և Aktual.ge կայքերում։
«Qafqazinfo»-ի տեղեկությամբ՝ ցուցանակը տեղադրված էր այն ծառերի առջև, որոնք պարկի տարածքում տնկվել էին ի նշան Ադրբեջանի և Վրաստանի միջև բարեկամության և համագործակցության։
Աղբյուրը՝ vectornews.ge