«Պաթոսն ինձ թեւաթափ արեց, ղուդումից ընկած եմ»․ Հակոբ Մովսեսի եզրափակիչ խոսքը խորհրդարանում

«Իմ մի քանի ընկերների պաթոսն ինձ թեւաթափ արեց, ոնց որ մեր ժողովուրդն է ասում՝ «ղուդումից» ընկած եմ»,-  ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Հակոբ Մովսեսը (լուսանկարում՝ աջից)։

«Մենք 1980-ականների վերջին սպասում էինք Դաշնակցության մուտքին մեր կյանք, մեր պետության, ժողովրդի մեջ, եւ փոխանակ դուք մտնեիք մեր ժողովրդի թեւերի տակ, դուք տեղավորվեցիք ուրիշ թեւերի տակ։ Բայց դա իմ գործը չէ, եւ կոռեկտությունն ինձ սրանից ավելի չի թույլատրի ասել»,- հավելեց նա։

Հակոբ Մովսեսն ասաց՝ 1980 թվականի Դաշնակցությունը լրիվ ուրիշ բան էր։

«Ես մի առիթով ասել էի՝ հայրենիք ունեն անգամ կապիկները, օրինակ, շիմպանզեները եւ գորիլաները։ Եթե դուք իրենց իրենց միջավայրից հանեք, կարոտից կսատկեն, չեն ապրի։ Բայց պետություն կարող են կառուցել միայն ժողովուրդները։ Ես կուզենայի, որ ՀՅԴ-ն, իր բոլոր քննադատական մոտեցումները պահելով, մասնակցեր պետություն կառուցելու մեր այսօրվա շատ դժվարին, շատ վտանգավոր եւ շատ պատասխանատու գործին, որտեղ հազար ու մի խոչընդոտ կա մեր դիմաց»,- նշեց նա։

Հակոբ Մովսեսը հավելեց․ «Ազնվություն ու քաջություն ունենանք՝ որոշելու մեր ժողովրդի վերջին 200 տարիների բոլոր ողբերգությունների գիտակցական ազդակները։ Ասել, շտկել ու առաջ գնալ, որպեսզի նախ չմեխվենք տեղում, երկրորդ, նույն պաթոսից ելնելով՝ նույն սխալները չանենք։ Ես չեմ ընդունում, որ Դաշնակցության հասեցին քաղաքական ոտնձգություն եմ կատարել, ես պատմական անալիզ եմ արել ու պատմական եզրակացության եմ հանգել, որի վրա մնում եմ»։

Ըստ Հակոբ Մովսեսի՝ 12-րդ դարից սկսած մեր ժողովուրդը քաղաքական ու հասարարակական մտածողություն ունեցել է։ «Ես այն կարծիքին եմ, որ Դաշնակցությունն, ի հայտ գալով, քաղաքական, հասարակագիտական ուղիներ փնտրող, մեր ինքնությունն այդտեղ որոնող մեր միտքը դարձրեց պաթետիկ մի բան։ Այսինքն՝ մենք դրանք մի կողմ թողեցինք, ոչ մի վերլուծություն, ոչ մի ադապտացիա, ոչ մի թուրք, ոչ մի ռուս, հուռա-հուռա, գինի լից։ Ես դրա համար՝ որպես մտավորական, Դաշնակցությանը մեղադրում եմ»,- հավելեց նա։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ հասցեին։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի այս հարցի քվեարկությանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment