Երևանում պաշտոնապես բացվել է «Յուվենտուս» ակումբի Ավանի մասնաճյուղը (PAN.am)

Երևանում պաշտոնապես բացվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղը՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված ծրագրերով։ Բացման միջոցառմանը ներկա էին ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը և իտալացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին։

«Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ խոշոր եվրոպական ակումբի ֆուտբոլային ակադեմիայի բացումը լայն հնարավորություններ է ստեղծում մեր երեխաների համար, որոնք սիրում են ֆուտբոլ, ուզում են զբաղվել ֆուտբոլով և ուզում են դրանով զբաղվել պրոֆեսիոնալ ձևով։ Կարծում եմ՝ սա շատ լավ սկիզբ է նաև Հայաստանի Հանրապետության հավաքականի ֆուտբոլային ապագայի համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա հայտնել է, որ Երևանում բացված «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիայի ծրագրերում արդեն ներգրավվել է մոտ 700 երեխա։ Ակադեմիայի ծրագրերը նախատեսված են տարբեր տարիքային խմբերի համար՝ սկսած 2 տարեկանից։

«Տարբեր տարիքային խմբերի այդ երեխաներն անցնում են այն ինտենսիվ պարապմունքները, որոնք կանցնեին Իտալիայում կամ եվրոպական մեկ այլ խոշորագույն ակումբի ակադեմիայում։ Շատ ուրախալի է, որ սա տեղի է ունենում հենց Երևանում»,- հավելել է քաղաքապետը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ Երևանում բացված «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան ունի սոցիալական բաղադրիչ, և տաղանդավոր երեխաները հնարավորություն կունենան այնտեղ անվճար սովորելու։

«Մենք չենք կարող մեծ սպորտում նվաճումներ ունենալ, եթե այդ հիմնաքարը ճիշտ դրված չէ։ Այստեղ ակնհայտ է, որ միջազգային փորձը մեր երկիր բերելը և միջազգային ֆուտբոլային կրթությունը մեր երեխաներին հասանելի դարձնելը ամենակարևոր ռազմավարություններից մեկը պետք է լինի»,- ասել է Անդրեասյանը։

Նախարարը կարևորել է նաև սպորտի ոլորտում մասնավոր ներդրումների ավելացումը։ Նրա գնահատմամբ՝ դա նշանակում է, որ սպորտը վերածվում է ինդուստրիայի, որտեղ մասնավոր հատվածը տեսնում է իր մասնակցության նպատակահարմարությունը։

Իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի գլխավոր բիզնես տնօրեն Փիթեր Սիլվերսթոունն իր հերթին նշել է, որ այս ակումբի բացումը դարձել է Իտալիայի և Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաև Իտալիայի, Հայաստանի և «Յուվենտուսի» միջև համագործակցության հիանալի արտացոլումը։

«Մենք հաճելիորեն զարմացած ենք ու հպարտ՝ տեսնելով այս ամենը։ Այն, ինչ կարճ ժամանակում կատարեցին ու իրականացրին հիմնադիրները, պարզապես հիացնում է։ «Յուվենտուսը» աշխարհի մեծագույն ակումբներից է, և այստեղ «Յուվենտուսի» լիցենզավորված ակադեմիա ունենալը պարզապես մոտիվացնող է և մեծ հույսեր է պարգևում բոլորին»,– ասել է Սիլվերսթոունը։

«Յուվենտուս» ակադեմիաների շնորհանդեսը Երևանում կայացել է 2025 թվականի մայիսին։

Leave a comment