«Ավելի քիչ գեներալներ, ավելի շատ շարքայիններ». Փիթ Հեգսեթը 20 տոկոսով կկրճատի Պենտագոնի բարձրագույն հաստիքները

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պատրաստվում է հայտարարել ամերիկյան բանակի գեներալների և ծովակալների համար նախատեսված հաստիքների 20 տոկոսով կրճատման մասին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Պենտագոնի սեփական աղբյուրներին։

Ըստ հրապարակված տվյալների՝ Հեգսեթն այդ մասին պաշտոնապես կհայտարարի հոկտեմբերի 1-ին Վիրջինիայում՝ Քուանտիկոյի ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ռազմաբազայում ունենալիք ելույթի ընթացքում։ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարն այս նախաձեռնությունն անվանել է «Ավելի քիչ գեներալներ, ավելի շատ շարքային զինծառայողներ»՝ ընդգծելով, որ բարձրագույն շտաբային պաշտոնների կրճատումը հնարավորություն կտա ավելի շատ ռեսուրսներ, ֆինանսավորում և լիազորություններ փոխանցել անմիջապես մարտական ստորաբաժանումներին։

Fox News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը վերաբերում է հենց բարձրագույն սպայական հաստիքների ու պաշտոնների թվաքանակի նվազեցմանը, այլ ոչ թե տվյալ կոչումներն ունեցող գործող գեներալների ու ծովակալների 20%-ի համատարած և անհապաղ հեռացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment