Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․Կառավարությունը հավանություն է տվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։
Նախագծով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած:
Բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ կընձեռվի տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ:
Նշվում է, որ կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը և ապահովել 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը՝ ըստ Կառավարության ռազմավարական նպատակների։