Ինչո՞ւ են ներդրումները շրջանցում Հայաստանը. Փաշինյանն է որոշում՝ ում բիզնեսը պիտի խլեն, ումը՝ ոչ

«Իշխանությունը մի կողմից՝ ճնշում է բիզնեսին, այն էլ՝ խոշոր բիզնեսին, մյուս կողմից՝ կոչ է անում դրսի ներդրողներին ներդրումներ կատարել Հայաստանում։

Դուբայում կայացած ներդրումային համաժողովում էկոնոմիկայի նախարարն ընդհուպ հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի։

Պարզվում է՝ մինչև հիմա չենք իմացել, որ Հայաստանը գրավիչ երկիր է եղել ներդրումների համար։ Հիմա էլ գրավիչից ուզում են դարձնել հարթակ՝ ներդրումների համար։

Ի՞նչ ներդրումների գրավիչ միջավայրի կամ ներդրումային հարթակի մասին է խոսում Գևորգ Պապոյանը, երբ ներդրողներին Հայաստանում ճնշում են, խլում են ունեցվածքը, համատարած ոտնահարում են սեփականության իրավունքի պաշտպանության սկզբունքները։ Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշում, թե ում ունեցվածքը պետք է խլեն, ում նստացնեն, ինչքան նստացնեն։ Մարդկանց սեփականությունը բռնագրավում են ու դրանցում կառավարության կառավարիչներ նշանակում։ Կառավարության կառավարիչներն էլ ոնց ուզում, այնպես տնօրինում են սեփականատերերի գույքը։

Ինչպե՞ս են պատկերացնում, որ այսպիսի պայմաններում ներդրումներ պիտի իրականացվեն Հայաստանում։ Ո՞վ կգա այստեղ ներդրումներ անելու։

Վերջին շրջանում ներդրումային գրավչության առումով շատ են շահարկում Հրազդանում չիպերի արտադրության գործարանի կառուցման փաստը։ Բայց պարզվում է՝ դա էլ ոչ թե ներդրումային, այլ զուտ քաղաքական պրոյեկտ է, որը որպես խայծ են օգտագործել Հայաստանի իշխանությունների համար՝ համաձայնելու Ադրբեջանի պահանջների հետ։

Դեռ չենք ասում, որ օտարերկրյա ներդրումների փոխարեն՝ դա էլ հայաստանյան կապիտալով կառուցված գործարան է։ Գումաներն ամբողջությամբ վերցրել են հայկական բանկերից ու կենսաթոշակային ֆոնդերից մեկից։

Նման նախաձեռնությունները, որոնց հետևում քաղաքական հաշվարկներ են թաքնված, չեն կարող մաքուր ներդրումային ծրագրեր համարվել, առավել ևս՝ չեն կարող վկայել ներդրումային միջավայրի գրաչության մասին։

Փոխարենը՝ Հայաստանի ներդրումային միջավայրի «գրավչության» մասին են վկայում այն քաղաքական հաշվեհարդարները, որոնք տեսնում ենք բիզնեսի նկատմամբ։ Միջազգային համաժողովներում գրավչության վերաբերյալ հայտարարությունները գուցե լավ են հնչում, բայց ներդրողներն այդ հայտարարություններով չեն առաջնորդվում ներդրումներ կատարելուց։ Ներդրումներ կատարելուց առաջ, նրանց սովորաբար շատ ավելի պարզ հարց է հետաքրքրում՝ ի՞նչ կլինի իրենց ներդրումների հետ, երբ դրանք մտնեն Հայաստան։ Մեծ բան պետք չէ այս հարցի պատասխանը ստանալու համար և ոչ մի արժեք չունի, թե գևորգպապոյաններն ինչ հեքիաթներ կպատմեն Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ։

Ի՞նչ ներդրումային գրավչության մասին կարող է խոսք լինել, երբ անհայտ հանգամանքներում կառավարությունը փայ է մտնում խոշոր ընկերություններում ու բաժնեմասեր ստանում։ Ինչո՞ւ պիտի խոշոր սեփականատերերն ինքնակամ իրենց ունեցվածքի մի մասն «անհատույց» փոխանցեն կառավարությանը։ Ո՞րն է սրա տրամաբանությունը։

Սա քիչ էր, վերջին 1-2 տարիներին անցել են բիզնեսների ամբողջական բռնագանձման։ Քաղաքական հաշվեհարդար են տեսնում գործարարների նկատմամբ։

Քաղաքական որոշումից անմիջապես հետո բիզնեսները հայտնվում են հարկայինի թիրախի տակ։

Խնդիրն այն չէ, որ հարկայինը ստուգումներ է իրականացնում այդ բիզնեսներում։ Ընդհակառակը, եթե կան հիմքեր, պետք է ստուգեն։ Խնդիրն այն է, թե ինչպե՞ս է լինում, որ նույն բիզնեսները տարիներ շարունակ գործունեություն են ծավալել, պարբերաբար ստուգվել են նույն մարմինների կողմից, ու այդ հարյուրավոր միլիոնների, նույնիսկ միլիարդների խախտումները, թաքցրած հարկեր չեն հայտնաբերվել։ Հայտնաբերվում են միայն այն բանից հետո, երբ կա քաղաքական հրահանգ։

Եթե իրականում այդ խախտումները եղել են, պարզ է, չէ՞, որ 1 օրում չեն եղել։ Ինչպե՞ս է ստացվել, որ նախկինում չեն հայտնաբերել, հիմա հայտնաբերում են։

Այսպիսի գործելաոճը ոչ միայն վախեցնում է ներդրողներին, այլև փախցնում ներդրումները։

Ներդրումային գրավչությունն այն չէ, երբ Սահմանադրության մեջ կամ օրենքներում գրում ես, որ ներդրումները պաշտպանված են։ Ներդրումային գրաչությունն այն է, երբ ներդրողը վստահ է, որ այդ օրենքներն իրականում գործում են։ Իսկ Հայաստանում մեկ օրենք է գործում, և դա Նիկոլ Փաշինյանի կամքն է։ Նիկոլ Փաշինյանն է որոշում, թե ով է օրենքները խախտել, ով՝ ոչ, ով է հարկերը վճարել, ով՝ ոչ, ով է հարկերը թաքցրել, ով՝ ոչ, ով իրավունք ունի բիզնես անել, ով՝ ոչ, ում բիզնեսը պիտի խլեն, ումը՝ ոչ։

Դուբայներում կարելի է տասնյակ անգամ կրկնել, որ Հայաստանը գրավիչ է ներդրումների համար ու պատրաստ է դառնալ ներդրումային հարթակ, կարելի է ցուցադրել բարձր տեխնոլոգիաների հետ կապված ծրագրեր, հանդիպել միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ, խոստանալ բարենպաստ բիզնես միջավայր։ Բայց չէ՞ որ ներդրողը համաժողովից հետո վերադառնալու է իր գրասենյակ, բացելու է Հայաստանի վերաբերյալ նյութերն ու այնտեղ տեսնելու է, որ խոշոր գործարարին, միլիարդատիրոջը պատկանող ընկերությունը խլել ու պետականացրել են՝ քիչ է, մտադիր էլ չեն փոխհատուցում տալ, որ վերցրել են մեկ այլ խոշոր գործարարին պատկանող ցեմենտի ու խմիչքների արտադրության գործարանները, նշանակել կառավարության կառավարիչներ ու համարում են, որ դրանք այլևս պետությանն են։ Կամ այն, որ հարկայինով ահաբեկում են անցանկալի գործարարներին, մի կողմից՝ խոշոր տուգանքներ են գրում, մյուս կողմից՝ հարկադիր պարապուրդի են ենթարկում, թույլ չեն տալիս աշխատել, որ ստիպված լինեն գնալ սնանկացման։

Երբ ներդրողները տեսնեն այս ամենը, այդ ժամանակ Գևորգ Պապոյանի բոլոր գրավիչ հայտարարությունները Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ՝ հօդս կցնդեն, կդառնան երկրորդական։

Հայաստանը ներդրումային հարթակ չի դառնա միայն այն բանի շնորհիվ, որ կառավարությունն այդպես է ուզում։ Դրա համար պետք են շատ ավելի պարզ բաներ. Ներդրողը պետք է համոզված լինի, որ Հայաստանում սեփականության իրավունքի պաշտպանությունը կախված չէ կառավարության հայեցողությունից, սեփականատիրոջ քաղաքական կենսագրությունից, իշխանության հետ ունեցած հարաբերություններից կամ հրապարակային դիրքորոշումներ հայտնելուց։ Վստահությունը հայտարարություններով չէ, որ ստեղծվում է, դա գործնականում պիտի լինի։

Քանի դեռ այդպես չէ՝ Հայաստանը երբեք էլ չի դառնա ներդրումային գրավիչ երկիր, առավել ևս՝ ներդրումային հարթակ։

168.am

Leave a comment