Reebok-ի լողավազանում ջրահեղձ լինելուց հետո անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը սեպտեմբերի 24-ին մահացել է, հայտնում է Factor.am-ը:
2026 թվականի օգոստոսի 4-ին լողավազանում անձի ջրահեղձ լինելու մասին հաղորդում ստանալուց հետո նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման հատկանիշներով։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
«Տուժողը գտնվել է ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում: Սեպտեմբերի 24-ին մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասել է կառույցի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Իրավապահ մարմնից հայտնել են, որ քրեական վարույթում փոփոխություն է կատարվել։ Տուժողի մահվան հանգամանքով պայմանավորված՝ փոխվել է նաև ենթադրյալ հանցանքի իրավական գնահատականը։
Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ այն փոփոխվել է Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, որն անզգուշությամբ հանգեցրել է մարդու մահվան։