Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է

Հասարակություն

29.09.2026 | 13:05

2026 թվականի օգոստոսի 4-ին լողավազանում անձի ջրահեղձ լինելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման հատկանիշներով: Այս մասին Factor.am-ին հայտնում են Քննչական կոմիտեից:

«Տուժողը գտնվել է ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում: Սեպտեմբերի 24-ին մահացել է: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասաց կառույցի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Իրավապահ կառույցից տեղեկացնում են, որ քրեական վարույթը փոփոխվել է: Տուժողի մահվան հանգամանքով պայմանավորված՝ ենթադրյալ հանցանքի իրավական գնահատականը փոփոխվել է Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)»,- հայտնեցին ՔԿ-ից:

Նշենք, որ մահացած կինը 26 տարեկան էր:

Արփի Հակոբյան

Leave a comment