ԱՄՆ Թենեսի նահանգը պատրաստվում է մահապատժի ենթարկել 50-ամյա Քրիստա Փայքին, ինչը տեղի կունենա վերջին երկու դարի ընթացքում առաջին անգամ։
Նահանգապետ Բիլ Լին վերջերս մերժել է Փայքին ներում շնորհելու խնդրանքը, մինչդեռ նրա փաստաբանները դիմել են ԱՄՆ Գերագույն դատարան՝ պահանջելով կասեցնել մահապատժի նախապատրաստական աշխատանքները։
Դատավճռի ի կատար ածումը նախատեսված է սեպտեմբերի 30-ին, եթե Գերագույն դատարանը չմիջամտի։ Եթե գործընթացն իրականացվի, Փայքը կդառնա Թենեսիում 1820 թվականից ի վեր մահապատժի ենթարկված առաջին կինը։
Փայքը մահապատժի է դատապարտվել 1995 թվականին իր համակուրսեցի, 19-ամյա Քոլին Սլեմերի սպանության համար։ Հանցագործության պահին Փայքը 18 տարեկան է եղել։ Մեղադրող կողմը պնդել է, որ Փայքը, խանդելով իր ընկերոջ (Թադարիլ Շիփ) ու Սլեմերիի շփմանը, զոհին գայթակղելով տարել է մեկուսի վայր, որտեղ ընկերոջ հետ միասին խոշտանգել ու սպանել է նրան։
Փայքն ընդունել է իր մեղքը։ Այնուամենայնիվ, պաշտպանական կողմը նշել է, որ մահապատիժը անհամաչափ է՝ որպես փաստարկ նշելով հանցագործության պահին նրա տարիքը, մանկության տարիներին բռնության ենթարկվելու փաստը, ինչպես նաև բիպոլար խանգարման և հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտորոշումները։ Զոհի մայրը պահանջել է ի կատար ածել դատավճիռը։
Երբ 1995 թվականի հունվարին տեղի էր ունեցել սպանությունը, Թադարիլ Շիփը 17 տարեկան էր եղել, իսկ Քրիստա Փայքը՝ 18: ԱՄՆ սահմանադրական իրավունքի համաձայն՝ հակասահմանադրական է մահապատժի ենթարկել այն անձանց, ովքեր հանցագործությունը կատարելիս 18 տարեկան չեն եղել։ Շիփը դատապարտված է ցմահ ազատազրկման։
Միացյալ Նահանգներում կանանց մահապատժի ենթարկելու դեպքերը հազվադեպ են։ Վերջին 50 տարվա ընթացքում ամբողջ երկրում մահապատժի է ենթարկվել 18 կին, ինչը կազմում է բոլոր մահապատիժների 1%-ը։