Կենտրոնի գործունեության նպատակը յուրաքանչյուր սովորողի կրթության ապահովումն է
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․Կառավարության որոշմամբ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» ՊՈԱԿ-ի:
Կենտրոնի գործունեության առարկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողի կրթության կազմակերպումն է:
Հաստատությունը տրամադրում է նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ այն երեխաներին, ովքեր ունեն լսողության խնդիրներ, բայց սովորում են այլ ուսումնական հաստատություններում։ Աջակցություն կցուցաբերվի նաև նրանց ծնողներին և համապատասխան հաստատությունների մանկավարժներին։
Կենտրոնի գործունեության նպատակը յուրաքանչյուր սովորողի կրթության ապահովումն է՝ հաշվի առնելով հանրակրթական առարկայական չափորոշիչները և ծրագրերը, սովորողի տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկությունները, հետաքրքրությունները, ընդունակությունները:
Նշվում է, որ կատարված փոփոխությամբ կապահովվի պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործում, կկանխվի կառույցների գործառույթների կրկնությունը, և կապահովվի երեխայի կրթության իրավունքի իրականացում՝ նոր և ավելի համապարփակ մոտեցմամբ։
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնն ամբողջությամբ կպահպանի կրթահամալիրում կուտակված մասնագիտական փորձն ու ներուժը՝ դրանք ինտեգրելով արդեն որպես ռեսուրս-կենտրոն դիտարկվող կառույցի գործունեության մեջ՝ ապահովելով լսողության խանգարումներ ունեցող երեխաների աջակցության գործառույթը:
Նշվում է, որ նախկին հատուկ դպրոցները ռեսուրս կենտրոնների վերափոխելու մոտեցումը բխում է «Հանրակրթության մասին» օրենքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության գործընթացի կազմակերպման համար տրված նոր կարգավորումներից:
Օրենքում ամրագրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հաստատության տեսակը, և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ․ դեկտեմբերի 12-ի հրամանով հաստատվել են «ՀՀ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների վերակազմակերպման գործողությունների պլանը և ժամանակացույցը»։