Ինեսսա Գաբայան․ Մարդիկ պետք է պահանջեն ջրի որակի ուսումնասիրություն ու լաբորատոր վերլուծություն

Ջրանջատումներից հետո, երբ վերականգնվում է ջրամատակարարումը, անհրաժեշտ է որոշ ժամանակ ջուրը թողնել, որ հոսի, ապա նոր օգտագործել խմելու նպատակով։

Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը։

Ջրի արտաքին տեսքի, հոտի կամ այլ հատկանիշների փոփոխության դեպքում, ըստ Ինեսսա Գաբայանի, բնակիչները պետք է անհապաղ դիմեն «Վեոլիա Ջուր» և պահանջեն ջրի որակի ուսումնասիրություն ու լաբորատոր վերլուծություն։

Անդրադառնալով վերջին օրերին ջրանջատումներից հետո ծորակներից պղտոր ջուր հոսելու փաստին՝ Գաբայանը նշեց՝ մարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ․

«Ցանկացած կասկածի դեպքում պետք է զանգահարել, վերլուծություններ անել և պարզել՝ այդ ջուրը առողջության համար վնասակա՞ր է, թունավոր նյութեր պարունակո՞ւմ է, թե՞ ոչ։ Այո, խողովակները կարող են լինել հին, և ջրում լինի նստվածք, կեղտ, որը կարող է վնասել առողջությանը»։

Նրա խոսքով՝ նման դեպքերում պատասխանատվություն ունի օպերատոր կազմակերպությունը՝ «Վեոլիա Ջուրը», որը պետք է ուսումնասիրի առաջացած խնդիրը և անհրաժեշտության դեպքում իրականացնի ջրի համապատասխան փորձաքննություն։

Բնակիչների անհանգստությունը, Գաբայանի գնահատմամբ, պետք է փարատվի մասնագիտական ուսումնասիրությունների միջոցով։

 «Վեոլիա Ջուր»-ը չի կարող իմանալ, թե ում ծորակից ինչ ջուր է հոսում, մարդիկ պետք է դիմեն, պահանջեն, ոչ արագ արձագանքման դեպքում՝ հավաքվեն և իրենց պահանջը ներկայացնեն։ Մարդը պետք է վստահ լինի, որ իր տուն հասնող ջուրը համապատասխանում է սահմանված պահանջներին»։

Գաբայանը կարևորում է նաև ջրային համակարգում առկա կորուստների նվազեցումը․

«Ահռելի մեծ կորուստեր կան, դրանց կրճատումը ենթադրում է համակարգերի նորացում, խողովակների, տեխնոլոգիաների թարմացում։ Ահռելի ծավալի շինարարություն է ընթանում, մեծ ներգաղթ կա Հայաստան՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, ինչպես նաև Արցախից տեղահանված անձինք․․․ Այս ամենը նպաստում է, որ ջրանջատումները ավելի հաճախ դառնան, եթե այս խնդիրները չլուծվեն, վիճակը կարող է ավելի վատանալ։

Բնակչության աճը, նոր կառուցապատումները և տուրիզմի զարգացումը պետք է հաշվի առնվեն ջրային համակարգի պլանավորման ժամանակ։ Պետք է հասկանալ՝ որքան բնակչություն ունենք, որքան ջուր է անհրաժեշտ և ինչ պետք է անել, որ մի կողմից ապահովենք պահանջարկը, մյուս կողմից՝ պահպանենք ջրային ռեսուրսները»։

Գաբայանի գնահատմամբ՝ խնդիրը պետք է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ ջրի պահանջարկի աճի պայմաններում անհրաժեշտ է նախապես հասկանալ՝ ինչ ռեսուրսներ կան և ինչպես դրանք արդյունավետ օգտագործել։

Aysor.am

Leave a comment