«Թատերական Լոռի» փառատոնի շրջանակում Ռուսական թատրոնի օրեր կանցկացվեն

Բաժանորդագրվել

Փառատոնային ծրագիրը բացվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի ռեժիսոր Ժիրայր Դադասյանի «Ինչպես նկարել թռչուն» բեմադրությամբ:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզում անցկացվող ավանդական միջազգային փառատոնի շրջանակում Ռուսական թատրոնի օրեր կանցկացվեն։ Այս մասին հայտնում է Երևանում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը:

«Ալավերդու թատրոնում մեկնարկել է «Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոնը, որն ունի 47 տարվա պատմություն: Փառատոնի շրջանակում կանցկացվեն «Ռուսական թատրոնի օրեր», որը 2012 թվականից իրականացվող ծրագիր է և միավորում է տարբեր երկրների ռուսալեզու թատերական խմբերին», – ասված է հաղորդագրության մեջ:

Այս տարի 5 թատրոններ կներկայացնեն 10 ներկայացում։ Ծրագրի անցկացմանն ավանդաբար աջակցում է «Ռուսական աշխարհ» հիմնադրամը։

«Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում այստեղ՝ լեռնային Ալավերդի է այցելել 65 ռուսական թատրոն։ Անչափ շնորհակալ ենք Հրաչյա Պապինյանին միջմշակութային երկխոսության մեջ անձնական ներդրման համար», – բացման ժամանակ ասել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը:

Նա կարևորել է Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավար և փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանի առանձնահատուկ դերը մշակութային կապերի զարգացման գործում և հուշանվեր հանձնել նրան։

Մամուլի ծառայությունից նշել են, որ այս տարի «Թատերական Լոռի»-ին մասնակցում է 20 թատրոն: Իրենց բեմադրություններով կներկայանան կոլեկտիվներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից և Սերբիայից: Ծրագրում դրամատիկական, կամերային, տիկնիկային, մանկական և երիտասարդական ներկայացումներ են ներառված:

Փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 15-ը և կեզրափակվի Վանաձորում՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի «Պեպո» ներկայացմամբ։ Նշենք, որ փառատոնի այս տարվա ծրագիրը նվիրված է մեծ դերասան Պետրոս Ադամյանի 170-ամյակին։

Հայաստանը Մոսկվայում կմասնակցի «Ճաճանչափայլ հրեշտակ» XXIII միջազգային կինոփառատոնին

Leave a comment