Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

28.09.2026 | 16:22

«Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում փրկարարները շարունակում են աշխատել՝ հովացման աշխատանքներ կատարելով։  Factor TV-ն ֆիքսել է, թե ինչ է կատարվում ենթակայանի տարածքում՝ երեկ այնտեղ բռնկված հրդեհից հետո։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ հրդեհից հետո տարածքում հերթապահություն է իրականացվելու։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում հրդեհ է բռնկվել։

Ժամը 20։10-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել էր։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում երկու փրկարար ծխահարվել էին․ նրանցից մեկը հոսպիտալացվել էր, մյուսին տեղում բուժօգնություն էր ցուցաբերվել։

Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը ժամը 21։10-ին մարվել էր, իսկ տարածքում սահմանվել էր հերթապահություն։

ՆԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ հրդեհը բռնկվել էր ենթակայանի տրանսֆորմատորներից մեկում, որում եղել է մոտ 20-ից 30 տոննա յուղ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու հատկանիշներով։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ձևավորվել է քննչական խումբ, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment