Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան

Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան

44-օրյա պատերազմից ու, առավել եւս, Արցախի կորստից հետո հնարավոր է հաճախ նկատել այս կամ այն տաղավարում իշխանական եւ մերձիշխանական տարբեր

բանախոսների, որոնք առաջ են մղում մի այսպիսի միտք՝ 2018–ից առաջ Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունը համոզված էր, որ պատերազմի դեպքում «թեյ է խմելու» Բաքվում, այս մասին գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Ու դա «փաստարկելու» համար, նրա խոսքով, բերվում են ինչ-որ «անձնական շփումների» մասին խոսքեր, առանց, իհարկե, կոնկրետ անունների, եւ կամ՝ երբեմն հնչած հրապարակային հայտարարություններ, թեեւ դրանց հեղինակներից եւ ոչ մեկը չի եղել Հայաստանի կամ Արցախի քաղաքականության անմիջական մշակող, պատասխանատու, իրացնող։

«Բայց պարզ է այդ խոսակցությունների գեներացման նպատակը։ Ստեղծել հանրային մտայնություն ու տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարները մինչեւ 2018 թվականը ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետեւանք։

Սակայն այդ խոսակցությունները ոչ միայն դատարկախոսություն են, այլ, ըստ էության, իրավիճակը անամոթ նենգափոխում։ Որովհետեւ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բուն ղեկավարությունը երբեք չի տածել այդպիսի դատարկ պարծենկոտություն։ Իշխանական շատ պատգամավորնե՞ր, ֆունկցիոներնե՞ր, այո՛, արել են այդպիսի հայտարարություններ։ Բայց ցանկացած ողջախոհ մարդու համար պարզ է, որ դա քիչ կապ ունի իրական վարվող քաղաքականության եւ դիվանագիտության հետ։

Կամ եթե մարդը չի պատկերացնում այդ պարզ բանը, ուրեմն՝ կա՛մ անկեղծ ու ազնիվ չէ, կա՛մ համարժեք չէ քաղաքականության ընկալման հարցերում։

Երեւանն էլ, Ստեփանակերտն էլ՝ բուն քաղաքականությունն իրականացնողների շրջանակում, իսկ դա միշտ եղել է թերեւս մեկ ձեռքի մատների վրա հաշվվող մարդկանց շրջանակ, իրական քաղաքականության ռեժիմում զերծ են եղել դատարկ պարծենկոտությունից։ Ունեցե՞լ են սխալներ։ Իհարկե, շատ, մեծ։ Բայց դա լրիվ այլ հարց է, դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծելը՝ այլ։

Իսկ թե ինչո՞ւ է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել այդ պատրանքը, վաղուց, թերեւս, չունի բացատրության կարիք»,- ընդգծել է Բադալյանը։

Leave a comment