ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության

Քաղաքականություն

26.09.2026 | 18:48

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած բարձրաստիճան հանդիպմանը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի նախաձեռնությունները խաղաղության ամրապնդման, կրթության, նոր և զարգացող տեխնոլոգիաների ու մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտներում։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։

«Իր ելույթում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական զարգացումներին՝ ընդգծելով հաստատված խաղաղության առարկայական համագործակցությամբ ամրապնդման և ինստիտուցիոնալացման կարևորությունը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական հնարավորությունների և ժողովուրդների միջև շփումների ընդլայնման միջոցով։

Խաղաղության ամրապնդման գործում կրթության դերի համատեքստում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից միաձայն ընդունված՝ Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։

Նոր և զարգացող տեխնոլոգիաների դերի համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի հանդիպման շրջանակներում 2025թ. Հայաստանի նախաձեռնությամբ և միաձայն ընդունված բանաձևը՝ ուղղված նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդմանը։

Անդրադառնալով հակամարտություններից տուժած մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային ջանքերում Հայաստանի շարունակական ներդրմանը՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է ընթացիկ տարվա մայիսին Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքին (ALIPH) Հայաստանի անդամակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment