Բանգկոկում ջրհեղեղի պատճառով աղետի ռեժիմ է հայտարարվել (PAN.am)

Սեպտեմբերի 24-ից Բանգկոկում գրեթե 300 միլիմետր տեղումներ են գրանցվել՝ հեղեղելով ճանապարհներն ու տները և ստիպելով իշխանություններին մայրաքաղաքը հայտարարել աղետի գոտի։

Արտակարգ իրավիճակ է հայտարարվել քաղաքի բոլոր 50 շրջաններում։ Բանգկոկի նահանգապետ Չադչարտ Սիտիպունտը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը «սպառնում է մարդկանց կյանքին» և կարող է վնաս հասցնել պետական ու մասնավոր գույքին։

Նահանգապետի խոսքով՝ հեղեղումներից առավել մեծ վնաս է կրել քաղաքի արևելյան հատվածը, հայտնում է BBC-ն:

«Անձրևը շարունակում է տեղալ, և մենք անում ենք հնարավոր ամեն ինչ։ Մենք փորձում ենք ջուրը դուրս մղել, սակայն ջրանցքներն արդեն լցվել են… Ռիսկային գոտում են այն բնակիչները, որոնց տները գտնվում են ջրանցքների հարևանությամբ։ Այժմ բոլոր ջրանցքները լցված են առավելագույն չափով», — նրա խոսքերը մեջբերել է AFP-ն։

Ջրանցքների հարևանությամբ բնակվող մարդկանց խորհուրդ է տրվել իրենց իրերը տեղափոխել շենքերի վերին հարկեր։

Միևնույն ժամանակ օդերևութաբանները զգուշացրել են, որ հանգստյան օրերին ամպրոպներ են սպասվում, ինչի հետևանքով կարող են վարարել նաև մյուս ջրանցքները։ Շաբաթվա ընթացքում նոր անձրևներ են կանխատեսվել, թեև սպասվում է, որ տեղատարափների պատճառ դարձած ցածր ճնշման գոտին կտեղափոխվի երկրի կենտրոնական հատվածի ուղղությամբ, մինչդեռ Բանգկոկը գտնվում է հարավային մասում։

Քաղաքի գլխավոր՝ Սուվարնաբհումի օդանավակայանը մինչ այժմ շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, սակայն ուղևորներին խորհուրդ է տրվել ճանապարհորդությունը պլանավորելիս լրացուցիչ երկու-երեք ժամ նախատեսել։

Բանակից հայտնել են, որ սկսել են ժամանակավոր տեղավորման կետեր և դաշտային խոհանոցներ բացել։ Ջրհեղեղից տուժածները դպրոցները կարող են օգտագործել որպես ժամանակավոր կացարաններ։

Leave a comment