ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա

Բաժանորդագրվել

Հարություն Կիվիրյանի առաջին թռիչքը տեղի կունենա 2027 թվականի գարնանը:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի տիեզերագնացներ Սերգեյ Տետերյատնիկովը և Հարություն Կիվիրյանը «SpaceX» ընկերության «Crew Dragon» տիեզերանավերով կուղևորվեն Միջազգային տիեզերակայան՝ «Ռոսկոսմոսի» և NASA-ի միջև «խաչաձև թռիչքների» ծրագրով:

Նախ ուղեծիր կմեկնի Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նախկին սպա-սուզանավորդ Սերգեյ Տետերյատնիկովը «Crew-13» գործառնական առաքելության անձնակազմի կազմում, որում ընդգրկված է երեք երկրի (Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա) տիեզերական գործակալություններից 4 մարդ: Մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 1-ին` Մոսկվայի ժամանակով 18:10-ին: «Crew Dragon»–ը տիեզերք կբարձրանա «Falcon 9» հրթիռակիրով՝ Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի արձակման հարթակից: Միջազգային տիեզերակայանի հետ կցումը սպասվում է մեկնարկից ընդամենը 9 ժամ անց:

Ինչ վերաբերում է հայազգի Հարություն Կիվիրյանին (ծնունդով Մայկոպից), ապա նա ռուսական տիեզերական խմբի կազմում առաջին հայն է։ «Crew-14» բազմազգ անձնակազմի (Ռուսաստան, ԱՄՆ, Ճապոնիա) մեկնարկը՝ Կիվիրյանի առաջին տիեզերական թռիչքով, նախատեսված է 2027 թվականի գարնանից ոչ շուտ։ Տիեզերագնացների խումբը Միջազգային տիեզերակայանում կմիանա «Crew-13»-ի անձնակազմին՝ մասնակցելու երկարատև արշավախմբին:

Ավելի վաղ Կիվիրյանն անցել է նախապատրաստման եզրափակիչ փուլը՝ հանձնելով մարզումների համալիր քննություն:

«Ռոսկոսմոսի» և ՆԱՍԱ-ի միջև խաչաձև թռիչքների մասին համաձայնագրով ռուսաստանցի տիեզերագնացները թռչում են ամերիկյան տիեզերանավերով, իսկ ԱՄՆ տիեզերագնացները՝ ռուսական «Սոյուզ»-ներով: Դրանով ապահովվում է Միջազգային տիեզերակայանի աշխատանքի կայունությունը. նույնիսկ տիեզերանավերից մեկի արձակումը հետաձգվելու դեպքում կայանում միշտ կա կողմերից մեկի ներկայացուցիչ:

Leave a comment