Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է գործարք, որը թույլ կտա մեկ շաբաթվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը։
BBC-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակում լրագրողների հետ զրույցում իրանցի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ նեղուցի վերաբացումը հնարավոր կլինի «անհրաժեշտ պայմանների կատարման դեպքում»։ Նրա խոսքով՝ այդ պայմաններն արդեն իսկ ներառված են եղել դեռևս հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրում։
«Այժմ ընտրությունը Միացյալ Նահանգներինն է»,- ընդգծել է Արաղչին՝ հավելելով, որ Թեհրանի ծրագիրը Վաշինգտոնին է փոխանցվել Քաթարի միջնորդությամբ։
ԱՄՆ պաշտոնական աղբյուրը BBC-ին հայտնել է, որ միջնորդների միջոցով դրական քննարկումներ են ընթանում, այդ թվում՝ միջուկային հիմնախնդրի շուրջ։ Սակայն, չնայած ընթացող շփումներին, Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մերժել է իրանական առաջարկը։
Ըստ հրապարակման՝ Թրամփը մասնավոր զրույցներում թերահավատություն է հայտնել Իրանի կողմից ներկայացված պահանջների կատարման հավանականության վերաբերյալ և իր թիմին փոխանցել է, որ առավել հավանական է համարում ռազմական ռմբակոծությունների նոր արշավի մեկնարկը։