Ուզբեկստանը հետաքրքրված է բժշկական զբոսաշրջության զարգացման Հայաստանի փորձով

Ուզբեկստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բժշկական զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակմամբ, այդ թվում՝ կլինիկաների միջազգային հավատարմագրման և հիվանդների բուժման կազմակերպման հարցերում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց DAVO (Ուզբեկստան) կլինիկայի գլխավոր տնօրեն Նուրիդդին Նուրիտդինովը Երևանում Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում։

Ինչպես նշեց Նուրիտդինովը, Հայաստանը եվրոպական երկրների հետ աշխատանքի զգալի փորձ ունի, որը կարող է օգտակար լինել Ուզբեկստանին հեռավոր արտերկրի հետ բժշկական զբոսաշրջության գծով համագործակցության զարգացման փուլում:

«Այդ փորձը մեզ հնարավորություն կտա խուսափել սխալներից», – նշեց նա:

Նուրիտդինովը նաև հայտնեց, որ Ուզբեկստանը հետաքրքրված է Հայաստանի բժշկական զբոսաշրջության նոր ուղղություններով և դիտարկում է բուժառուներին այստեղ ուղարկելու հնարավորությունը:

Կլինիկայի գլխավոր տնօրենի խոսքով՝ նա այստեղ տեսել է շատ առաջադեմ բուժհաստատություններ, որոնք մասնագիտանում են առողջարանային բուժման մեջ:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի միջազգային հավատարմագրման ոլորտում Հայաստանի բժշկական հաստատությունների փորձը։

Բացի այդ, ըստ DAVO կլինիկայի տնօրենի, կարելի է համագործակցություն հաստատել Հայաստանում այնպիսի վիրահատությունների ուղղությամբ, որոնք Ուզբեկստանում դեռևս չեն իրականացվում:

«Կան վիրահատություններ, վիրաբուժական միջամտություններ, որոնք մեր երկրում այս կամ այն պատճառով դեռ չեն իրականացվում։ Մեր բուժառուները կարող են գալ այստեղ և ստանալ եվրոպական մակարդակով օգնություն», – ասաց նա։

Հիշեցնենք՝ բժշկական զբոսաշրջության ուղղությունը մտնում է Հայաստանում զբոսաշրջության զարգացման ռազմավարության մեջ։ Հայաստան բժշկական զբոսաշրջության համար գալիս են հիմնականում Ռուսաստանից, Արևելյան Եվրոպայից և Մերձավոր Արևելքի երկրներից: Վիճակագրական հաշվառման առանձնահատկությունների պատճառով բժշկական զբոսաշրջիկների ճշգրիտ թիվը դժվար է որոշել, սակայն կլինիկաների տվյալները վկայում են առանձին ուղղությունների, առաջին հերթին ատամնաբուժության և պլաստիկ վիրաբուժության զգալի պահանջարկի մասին։

Sputnik Արմենիա

Leave a comment