Ադրբեջանի համար հայկական մշակութային ժառանգության հարցը միայն հուշարձանների հարց չէ։ Այն ուղիղ կապ ունի 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողությունների, Արցախի հայաթափման ու բռնի տեղահանման հետ։ Երբ տարածքից հեռացվում է բնիկ բնակչությունը, հաջորդ քայլը դառնում է այդ բնակչության հիշողության, գերեզմանների, եկեղեցիների, դպրոցների, թանգարանների, հուշարձանների և տեղանունների վերացումը կամ յուրացումը։ Եթե մարդն այլևս չկա իր հողում, նրա ներկայությունը շարունակում են վկայել քարերը, արձանագրությունները, խաչքարերը, որմնանկարները, շինությունները, ձեռագրերը, վանական համալիրները։ Հենց այդ պատճառով մշակութային ժառանգությունը դառնում է հաջորդ թիրախը։
Բաքուն լավ հասկանում է, որ հայկական եկեղեցու պատին պահպանված հայերեն արձանագրությունը, խաչքարի պատկերագրությունը, միջնադարյան գրությունը կամ վանքի պատմական հիշատակությունը կարող են լինել ոչ պակաս ուժեղ փաստարկ, քան քաղաքական փաստաթուղթը։ Ուստի մշակութային ժառանգության ոչնչացումը դառնում է տարածքի «նոր կենսագրություն» գրելու նախապայման։ Սրա վտանգը միայն անվանափոխման մեջ չէ։ Երբ հուշարձանի ինքնությունը փոխվում է, փոխվում է նաև դրա պահպանության տրամաբանությունը։ Եթե հայկական արձանագրությունը հայտարարվում է «հետագայում ավելացված կեղծ հետք», ապա այն կարող է հեռացվել որպես «վերականգնման» մաս։ Եթե խաչքարը ներկայացվում է որպես «օտար միջամտություն», այն կարող է տեղափոխվել կամ ոչնչացվել։ Եթե եկեղեցու հայկական ճարտարապետական շերտը հայտարարվում է «աղավաղում», ապա դրա վերականգնումը կարող է վերածվել «պատմական մաքրման»։
Սակայն խնդրի ամենացավոտ կողմերից մեկն այն է, որ Ադրբեջանի այս գործողությունները հաճախ չեն արժանանում բավարար և գործնական միջազգային հակազդեցության։ Դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չեն հետևում մոնիտորինգի մեխանիզմներ, փաստահավաք առաքելություններ, պատժամիջոցներ, վերականգնման վերահսկողություն և միջազգային կազմակերպությունների մշտական ներկայություն, ապա Բաքուն դրանք ընկալում է որպես քաղաքական աղմուկ, ոչ թե իրական զսպող գործոն։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունների հարցը տարիներ շարունակ բախվել է մուտքի, մանդատի և քաղաքական համաձայնության խնդիրների։ Երբ միջազգային կառույցները չեն կարողանում ժամանակին մտնել տարածք, փաստագրել վիճակը և հրապարակել պարտադիր ուժ ունեցող գնահատականներ, այդ դատարկությունը լցվում է ադրբեջանական պետական քարոզչությամբ։ Իսկ երբ Հայաստանի իշխանությունների արձագանքը ամբողջությամբ բացակայում է և այս ուղղությամբ ակտիվ դիվանագիտական աշխատանք չկա, Բաքուն ստանում է հավել յալ հնարավորություն՝ իր կեղծ պատումներն առաջ տանելու ոչ միայն սեփական հասարակության, այլև միջազգային հարթակների համար։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: