«Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Գագիկ Ծառուկյանի եւ մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի հրավիրած ասուլիսում խոսքը սկսեց որպես մարդ, որը նախկինում եղել է քաղկալանավոր եւ հատկապես կարեւորեց իրավունքի խնդիրը։
«Ամեն ինչ սկսվում է այն կետից, երբ մենք նորմալ ենք վերաբերվում իրավունքի ոտնահարմանը։ Հենց այդ կետը իշխանությունը մարսում է, ապա մնացածը դառնում է տեխնիկայի հարց։ Հիմա, ինչ է կատարվում։ Իշխանությունները ամեն ինչ վերածել են PR գործիքի։ Օրինակ, իշխանությունը պարտավոր է որեւէ պարագայում, հատկապես ես կխոսեմ Գագիկ Ծառուկյանի մասով, ապացուցել մեղադրանքի հիմնավորվածությունը։ Առաջադրված մեղադրանքը դեռևս Գագիկ Ծառուկյանի մեղավորություն չի ենթադրում։ Պետական մարմնի լիազորությունն է՝ ապացուցել մարդու մեղավորությունը, որը պետք է հաստատվի դատական ատյաններով։ Բայց մենք ի՞նչ ենք տեսնում։ Փորձում են ամեն օր, ամեն շաբաթ տոտալ խուզարկություններ անցկացնել։ Հետո ապահովում են ինֆորմացիոն ֆոն։ Եվ ամբողջ երկրում տպավորություն է ստեղծվում, որ այս մարդու կամ նրա հետ փոխկապակցված անձանց ձեռնարկությունները եթե խուզարկում են, ուրեմն մի բան կա։ Իրականում սա՝ այդ պատկերն ու ֆոնը ստեղծելը, այդ շոուի, ինֆորմացիոն տեռորի շատ կարեւոր բաղադրիչ է։
Անընդհատ տարածվող տեղեկատվություններ են, որոնք պարկեշտության, բարոյականության, օրինականության բոլոր սահմանները հատում են։ Կարդում ես պաշտոնական հաղորդագրություն ու տպավորություն է, որ ոչ թե նախաքննություն է սկսվել, այլ դատական վերդիկտ է կայացվել։
Այս ամենին, դժբախտաբար, նպաստում է հենց Նիկոլ Փաշինյանը։ Որովհետեւ եթե նա կառավարության նիստում կամ ասուլիսներում խոսում է մարդկանց մասին արդեն հանցագործ կոչելով եւ ասում, թե իրեն մեղադրում են, որ սխալն այն է, որ շուտ չի բռնել, դա նշանակում է, որ ինքն արդեն կանխորոշում է ե՛ւ դատախազության, ե՛ւ դատարանի աշխատանքը։ Սա ուղղակի խախտում է ՀՀ սահմանադրության 66-րդ հոդվածը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը՝ անմեղության կանխավարկածը։ Մարդը անմեղ է այնքան ժամանակ, քանի դեռ դատարանով հաստատված չէ նրա մեղավորությունը։
Ի վերջո, Գագիկ Ծառուկյանը այս ճանապարհով անցել է։ 2020 թվականին էլի հրապարակային հայտարարություններից հետո ընտրակաշառքի գործով շինծու մեղադրանքով կալանավորեցին մարդուն։ Հետո հինգ տարի շարունակ թե նախաքննությունը, թե դատաքննությունը գնաց։ Եվ վերջում ի՞նչ։ Գագիկ Ծառուկյանը արդարացվեց։
Այն ժամանակ շատ հետեւողական պետք է լինեինք, որ իրավական այդ «բեզպրեդելի» պատասխանատուները ենթարկվեին պատասխանատվության, որովհետեւ անմեղ մարդուն ազատազրկել էին, իրենց ձեռքի տակ եղած քարոզչական բոլոր միջոցներով փորձում էին վարկաբեկել։ Եվ որեւէ մեկը չկրի պատասխանատվություն։ Ես համոզված եմ, որ այս գործով էլի պարոն Ծառուկյանը արդարացվելու է։ Բայց տեսեք աղմուկը, արդեն պատճառված բարոյական ու նյութական վնասները։
Ավելին ասեմ։ Երեկ իշխանության մի թերթում վերնագիր եմ կարդում. «Երկարացվել է Հովիկ Աբրահամյանի որդու եւ Գագիկ Ծառուկյանի փեսայի կալանքը»։ Հանցանքը անհատականացված բան է։ Կոնկրետ մարդը հանցանք կատարել է կամ չի կատարել։ Ի՞նչ կապ ունի՝ ում որդին է կամ ում փեսան է։ Սա արտառոց բան է եւ նշանակում է, որ խնդիրը ոչ թե ենթադրյալ հանցագործությունն է կամ բացահայտումը, այլ միանգամայն այլ մարդու թիրախավորելը։
Գանք կալանքին։ Կալանքը շատ կարեւոր խնդիր է։ Կալանքը պատժի տեսակ չի, կալանքը նախաքննության բնականոնությունը ապահովելու գործիք է։ Ընդամենը; Խափանման միջոցը պատիժ չի կարող դիտվել։ Հակառակ պարագայում արդարադատության իմաստը ամբողջովին ձեւախեղվում է։ Մի աբսուրդ ասեմ։ Այն գործով, որով կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը, նախաքննության բոլոր գործողությունները կատարվել են, էլ չկա կատարելու բան։ Հետեւաբար, Գագիկ Ծառուկյանին այս պարագայում կալանքի տակ պահելը խոշտանգում է եւ ոչ այլ բան»,-ասաց Սուրեն Սուրենյանցը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: