Հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը ՌԴ պահպանվում է, հայտարարել է «Ռոսսելխոզնադզորը»:
Նշվում է, որ Հայաստանը Ռուսաստանին չի ներկայացրել ձեռնարկություններում հայտնաբերված խախտումների վերացումը հաստատող փաստաթղթեր, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հայաստանի տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդություններ։ Դա բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար», – ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունից նաև պարզաբանել են, որ համապատասխան տեղեկությունը փոխանցվել է հայկական կողմին։
«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 26-ից դադարեցրել է Հայաստանից ամբողջ ձկնամթերքի մատակարարումը Ռուսաստան, իսկ հուլիսի 27-ից նմանատիպ սահմանափակումներ է կիրառել նաև հայկական կաթնամթերքի նկատմամբ։ Բացի այդ, հունիսի 12-ից արգելվել է Հայաստանից ամբողջ կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը Ռուսաստան, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։
Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտն ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանափակումների պատճառ են դարձել հայկական ձեռնարկություններում որակի վերահսկողության արդյունավետության հետ կապված խնդիրները, այլ ոչ թե քաղաքական տարաձայնությունները։