Իհարկե, զարմանալի, երբեմն անգամ ապշելու է, թե ինչպես է հանրությունը տրվում խրախճանքին՝ Արցախի կորստի եւ ողբերգական այլ իրադարձությունների դեռեւս բաց վերքի պայմաններում, որով ապրում են իրենց հարյուր հազարավոր հայրենակիցները։ Բայց, մյուս կողմից, եթե փորձենք խորությամբ հայացք գցել այն 35-ամյա հետագծին, որ ունի մեր անկախության պատմությունը, ապա պետք է դառնությամբ ու ցավով խոստովանենք, որ այդ ընթացքում խոշոր հաշվով չի էլ տարվել այլ հասարակություն ունենալու պետական քաղաքականություն։ Ավելին, Հայաստանի քաղաքական ու տնտեսական, եւ նույնիսկ մշակութային վերնախավերն իրենք անցնող տասնամյակների ընթացքում իրենց իսկ կյանքով չեն եղել այլ օրինակ, քան սպառողականության խրախճանքը։
Անցնող տասնամյակներում ունենալով ահռելի մարտահրավերներ, խորացող մարտահրավերներ, եւ ունենալով ազգային-պետական ինքնության համար չափազանց զգայուն ու առանցքային հարցը՝ արցախյան կոնֆլիկտը, չի վարվել դրան համարժեք հասարակություն ունենալու պետական քաղաքականություն, դրան համարժեք մտածողությամբ եւ ուղենիշներով ապրող երիտասարդ սերունդ ունենալու քաղաքականություն։ Չի արվել անհրաժեշտը՝ սոցիալական համերաշխության միջավայր ունենալու համար, սեփականության իրավունքի եւ սոցիալական արդարության համադրված միջավայր ունենալու համար, որտեղ խոշոր կապիտալը շարքային քաղաքացու հոգու խորքում չէր դիտարկվի ավելի մերժելի, քան արտաքին թշնամին ու հակառակորդը։
Իսկ հակառակի ուղղությամբ՝ գիտակցված, թե պարզապես անփութության ու անտարբերության հետեւանքով, արվել է լիուլի, անխնա, այդպիսով հանրային սոցիալ-հոգեբանությունը վերածելով արցախյան մարտահրավերի ծուռ հայելու։
Ես բացարձակապես դեմ եմ «նախկինների» եւ «թալանի» պրիմիտիվ տեխնոլոգիայի անխնա շահարկմանը՝ ներկաների ուղիղ պատասխանատվությունը լղոզելու եւ քողարկելու համար։ Բայց նաեւ դեմ եմ հասարակության խնդիրները խորքից չդիտարկելուն, որովհետեւ այդ խորքը չգնալու պարագայում, մենք միշտ կփորձենք գտնել մակերեսային լուծումներ։ Իսկ այդ պարագայում, խնդրի բունն է միայն հաստանալու, ժամանակի ընթացքում անհնարին դարձնելով նույնիսկ խորքից բուժման հնարավորությունները։
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: