Սիսիանում զոհված պայմանագրային զինծառայող 23-ամյա Դիմիտրի Համբարձումի Կյուրեղյանը Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից է։
Գյուղացիները չգիտեն՝ իրականում ինչ է կատարվել, ինչ հանգամանքներում է երիտասարդը զոհվել, շրջանառվող խոսակցություններն են լսել, որ վիճաբանություն է եղել, որից հետո նռնակ է պայթել։
Մեզ հետ զրույցում նշում են՝ նա այնքան դաստիարակված է, շնորհքով , որ վստահորեն կարող են ասել՝ երբեք կռիվ ու վեճ չէր հրահրի։
Ըստ գյուղացիների, Դիմիտրին երեք երեխաներից միջնեկն է․ ունի մեկ քույր, մեկ եղբայր, մեծը՝ քույրն է, որն ամուսնացած է ՌԴ-ում, իրենից փոքր եղբայրը ևս պայմանագրային զինծառայող է։ Դիմիտրին իր 23-ամյակը նշել էր օգոստոսի 25-ին։
Գյուղացիների պատմելով, Դիմիտրին երբ ժամկետային զինծառայող էր ու 2 ամիս էր մնացել, որ վերադառնար բանակից, այդ ժամանակ էլ որոշել է իր կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանությանը, սկզբում որպես խաղաղապահ է ծառայել, հետո դարձել պայմանագրային ծառայող։ 2022 թվականից պայմանագրային ծառայության մեջ է։
Գյուղացիների բնութագրմամբ՝ նա յուրահատուկ ընտանիքից է, ծնողներն աշխատասեր մարդիկ են․ հայրն աշխատում է Թալինում՝ քարհանքերում, մայրը՝ Արթիկում՝ սպասարկման ոլորտում։
Երիտասարդին պատրաստվում են հուղարկավորել 44 օրյա պատերազմում զոհված Կարեն Մնացականյանի կողքին՝ զինվորական պանթեոնում, որը գյուղի սկզբնամասում է (տես լուսանկարում)։
Երիտասարդի աճյունն արդեն տեղափոխել են գյուղ, ըստ գյուղացիների՝ նրան կհուղարկավորեն քրոջ՝ ՌԴ-ից վերադառնալուն պես։
«Չենք ուզում հավատալ, որ Դիմիտրին այլևս չկա, շոկի մեջ ենք, նա վիճաբանող տղա չէր, քննությունը կպարզի՝ ինչ է կատարվել, բայց ինչու պիտի խաղաղ պայմաններում զինծառայող զոհվի, ինչո՞ւ, սա աններելի է»,- ասում էին գյուղացիները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: