Հարցին՝ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումները ինչով են պայմանավորված, GALLUP International Association-ի հարցումները հետևյալ պատկերն ունեն՝ 52.4%-ը նշել է, որ ՀՀ ղեկավարության նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու նպատակով է անում Ռուսաստանը, 40.5%-ը կարծում է, որ դա պայմանավորված է դեպի Եվրամիություն Հայաստանի Հանրապետության ձգտմամբ: Պատճառը հայկական ապրանքների որակական խնդիրներով է պայմանավորում միայն 5.1%-ը։
ԵԱՏՄ երկրների ղեկավարները 2026 թվականի մայիսին ընդունել են հռչակագիր՝ խնդրելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորինս շուտ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, ինչպես նաև կոչ են արել անցկացնել համապետական հանրաքվե այդ հարցի վերաբերյալ՝ Հայաստանի ժողովրդի կարծիքը պարզելու նպատակով: Արդյոք պե՞տք է Հայաստանում անցկացվի նման հանրաքվե:
Այս հարցի պատասխանը հետևյալ պատկերն ունի.
38.5%-ը նշել է՝ միանշանակ այո, պետք է անցկացվի հանրաքվե, 20.3%-ը նշել է՝ ավելի շուտ այո, 9.3%-ը նշել է՝ ավելի շուտ ոչ, 25.1%-ը՝ միանշանակ ոչ, 6.9%-ը դժվարացել է պատասխանել:
Եթե Հայաստանում անցկացվի հանրաքվե ԵԱՏՄ-ից դուրս գալու և դեպի ԵՄ անդամակցություն շարժվելու վերաբերյալ, դուք անձամբ ինչպե՞ս կքվեարկեք: Այս հարցի պատասխաններն էլ հետևյալն են. 29.4%-ը նշել է, որ պետք է մնալ ԵԱՏՄ կազմում, 35.1%-ը համոզված է, որ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից և շարժվել դեպի ԵՄ անդամակցություն: 24.7%-ը նշել է, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ 10.9%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել: Սա ընթացիկ իրավիճակն է՝ հաշվի առնելով այն նարատիվները և ուղերձները, որը ստանում է մեր հանրապետության բնակչությունը:
Սեպտեմբերի 1-ին Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ եթե Հայաստանը ցանկանա, Ռուսաստանը կարող է դուրս բերել իր 102-րդ ռազմաբազան Հայաստանից: Ինչն է առավել համահունչ Հայաստանի և նրա ժողովրդի շահերին:
39.7%-ը նշել է, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին երկրի անվտանգության ապահովման համար: 24.7%-ը նշել է, որ ռազմաբազան պետք է մնա, սակայն դրա տեղակայման պայմանները պետք է վերանայվեն: Ստացվում է, որ շուրջ 55%-ը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա: 28.9%-ը նշել է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր 102-րդ ռազմաբազան Հայաստանից։
Ասուլիսն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: