ՀՔԱՎ-ի դիրքորոշումը՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՔԱՎ. 2026 թվականի սեպտեմբերի 4-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, տասնամյակներ շարունակ իրականացնելով կալանավորված անձանց պահման վայրերի մշտադիտարկում, ներպետական և միջազգային ատյաններում պաշտպանելով ազատությունից զրկված անձանց իրավունքները, ինչպես նաև մշակելով օրենսդրության և քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկություններ, կարևորում է Օրենքի նախագծի մշակումը։

Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության օրենսդրական երաշխիքների ամրապնդումը բխում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից։ Այդ պարտավորությունների լիարժեք կատարումը կարևոր նախապայման է ազատությունից զրկված անձանց իրավունքների արդյունավետ իրացման և պաշտպանության ապահովման, նրանց իրավունքների սահմանափակումների իրավաչափության և համաչափության պահպանման, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, իրավական պետության ձևավորման համար։

Չնայած Նախագիծը դրվել է հանրային քննարկման, անհրաժեշտ է ապահովել նաև բովանդակային քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ոլորտային հասարակական կազմակերպությունների և մասնագետների ներգրավմամբ։ Նման գործընթացը հնարավորություն կտա Նախագծի լրամշակման ընթացքում առավել համապարփակ կերպով հաշվի առնել իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, բացահայտել և հնարավորինս լրացնել առկա օրենսդրական բացերը, գնահատել նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունավետությունը, ինչպես նաև ամրապնդել պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև համագործակցությունը։

Ուսումնասիրելով Նախագծով առաջարկվող կարգավորումները և հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, ինչպես նաև ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային կառույցների հրապարակած զեկույցները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում առաջարկվող փոփոխությունները և ոլորտի բարեփոխմանն ուղղված պետության նախաձեռնությունը։

Միաժամանակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արձանագրվել են մի շարք խնդիրներ, մշակվել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ և ձևակերպվել համապատասխան դիտարկումներ, որոնք ստորև ներկայացվում են Նախագիծը մշակողի քննարկմանը։

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Սահմանել, որ կալանավորված անձին օրինական ներկայացուցիչների, մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երեք կարճատև տեսակցություն, իսկ կալանավորված անչափահաս անձին՝ մերձավոր ազգականների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ ամսվա ընթացքում առնվազն չորս կարճատև տեսակցություն։

2. Նախատեսել, որ կալանավորված անձի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել երկու կարճատև տեսակցությամբ։

3. Նախատեսել այն կալանավորված անձի համար, որի երեխան խնամվում և դաստիարակվում է պետական կամ այլ հաստատությունում, ամսվա ընթացքում առնվազն մեկ կարճատև, իսկ վեց ամսվա ընթացքում՝ առնվազն երկու երկարատև տեսակցության իրավունք։

4. Աահմանել, որ բժշկական զննության արդյունքները գրանցվում են բժշկի կողմից և պահպանվում բացառապես ձերբակալված անձի անհատական բժշկական փաստաթղթերում՝ առանց ՁՊՎ-ի վարչակազմի համար դրանց հասանելիության ապահովման։ Միաժամանակ, անհրաժեշտ է սահմանել, որ ՁՊՎ-ի վարչակազմին բժշկական բնույթի տեղեկությունների տրամադրումը թույլատրելի է միայն այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է ձերբակալված անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող լուրջ վտանգը կանխելու կամ նրա անվտանգությունն ապահովելու համար։

5. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը լրացնել՝ նախատեսելով, որ ձերբակալված կամ կալանավորված անձն իր ցանկությամբ և իր դրամական միջոցների հաշվին իրավունք ունի զննվելու իր ընտրած բժշկի կողմից, ինչպես նաև իր ընտրած բժշկական հաստատությունում անցնելու անհրաժեշտ ախտորոշիչ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ։

6. Նախատեսել, որ ձերբակալված կամ կալանավորված անձի առողջական վիճակի վերաբերյալ գանգատի, նրա կամ, նրա համաձայնության դեպքում, պաշտպանի պահանջի, ինչպես նաև նրա մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում բժշկական զննությունը կազմակերպվում է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում։

7. Սահմանել, որ ձերբակալված կամ կալանավորված անձը պարտադիր բժշկական զննության է ենթարկվում համապատասխանաբար արգելանքից կամ կալանքից ազատ արձակելուց առաջ։

8. Սահմանել, որ հոգեսոցիալական կամ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժ կիրառելուց առաջ պարտադիր պետք է առկա լինի բժշկական եզրակացություն այն մասին, որ նման տույժի կիրառումը չի հանգեցնի անձի հոգեկան կամ ֆիզիկական վիճակի վատթարացման։ Համապատասխան բժշկական 3 եզրակացության բացակայության դեպքում անձին պատժախուց տեղափոխելը չպետք է թույլատրվի։

9. Այն դեպքերում, երբ անձը չունի հոգեկան առողջության խնդիրներ կամ ֆիզիկական հաշմանդամություն, սակայն նրա առողջական վիճակը հիմք է տալիս կասկածելու, որ պատժախցում մեկուսացված պահումը կարող է բացասաբար անդրադառնալ նրա առողջության վրա, հիմնարկի պետը համապատասխան որոշում կայացնելուց առաջ պետք է խորհրդակցի կալանավորված անձանց պահելու վայրում գործող բժշկական ստորաբաժանման բժշկի հետ, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի ներկայացուցչի հետ։

10. Ապահովել անձի՝ լսված լինելու իրավունքը կարգապահական տույժ կիրառելու գործընթացում՝ հնարավորություն ընձեռելով նրան իր բացատրությունները ներկայացնել ոչ միայն գրավոր, այլև բանավոր ձևով։

11. Սահմանել «զննում», «անձնական խուզարկություն» և «մերկացմամբ զուգորդվող անձնական խուզարկություն» հասկացությունների բովանդակությունը, դրանց կիրառման հիմքերն ու պայմանները, միջամտության յուրաքանչյուր տեսակի բնույթն ու աստիճանը, ինչպես նաև միջամտության ընթացքում ազատությունից զրկված անձի իրավունքների պաշտպանությանն ուղղված ընթացակարգային որոշակի պահանջները։

12. Հստակեցնել անձնական խուզարկության դեպքում բժշկի ներգրավման վերաբերյալ նախատեսված կարգավորումը։ Մասնավորապես, պարզ չէ, թե որ դեպքերում և անձնական խուզարկության որ տեսակների ժամանակ է բժշկի ներգրավումը պարտադիր, ինչպես նաև՝ արդյոք պետք է ներգրավվի տվյալ քրեակատարողական հիմնարկում աշխատող բժիշկը, թե այլ բժշկական ծառայություն ներկայացնող բժիշկ։ Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ինվազիվ միջամտություն ենթադրող խուզարկությունները չեն կարող իրականացվել քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից և պետք է իրականացվեն բացառապես համապատասխան որակավորում ունեցող բուժաշխատողի կողմից։ Ընդ որում, նման միջամտությունը, որպես կանոն, չպետք է իրականացնի տվյալ քրեակատարողական հիմնարկում անձին բժշկական օգնություն ցուցաբերող բժիշկը՝ բացառությամբ արտակարգ դեպքերի, երբ այլ բժիշկ հրավիրելու հնարավորություն չկա։

13. Նախատեսել կանանց և անչափահասների անձնական խուզարկության իրականացման հատուկ կարգավորումներ։

14. Սահմանել, որ ազատությունից զրկված անձը կարող է ներկա գտնվել իր անձնական գույքի և խցի խուզարկությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա ներկայությունը կարող է իրական վտանգ ստեղծել աշխատակիցների անվտանգության համար։

15. Նախատեսել, որ իրենց որպես ԼԳԲՏԻ անձ նույնականացնող անձինք հնարավորություն ունենան ընտրելու անձնական խուզարկությունն իրականացնող աշխատակցի սեռը։

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ այստեղ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment