Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը պայմանավորվել են հրատապ հանդիպում անցկացնել՝ քննարկելու Էր Ռիադին աջակցություն ցուցաբերելու հարցը եմենցի հուսիների նոր հարձակումներից հետո։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Բանակցությունները նախատեսված են համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի շրջանակներում, որի համաձայն՝ երեք երկրներից որևէ մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր մասնակիցների վրա։ Հանդիպման հստակ ամսաթիվը դեռևս չի հայտարարվել։
Զինվորական ղեկավարների հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Նյու Յորքում երեք պետությունների արտգործնախարարների բանակցություններից հետո։ Նախարարները դատապարտել են Մեքքայի և Սաուդյան Արաբիայի այլ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ իրականացված հարձակումները՝ վերահաստատելով թագավորության ինքնապաշտպանության իրավունքը։
Հուսիները հայտարարել են, որ սեպտեմբերի 24-ին Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ արձակել են տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Թագավորության իշխանությունները հայտնել են վեց բալիստիկ հրթիռների խոցման մասին։ Մինչ այդ Մեքքայում, Ջիդդայում և Յանբու նավահանգստային քաղաքում արտակարգ նախազգուշացումներ էին հայտարարվել։
Իրավիճակի լարման ֆոնին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հուսիներն ինքնուրույն են պատասխանատվություն կրում իրենց գործողությունների համար։ Reuters-ը նշում է, որ այս հայտարարությունն անելով՝ Թեհրանը փորձում է հեռու մնալ շարժման գործողություններից։
Հիշեցնենք, որ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիրը ստորագրել էին օգոստոսի 7-ին։ Հուսիներն իրենց հերթին հայտարարել են, որ մտադիր են շարունակել հարվածները Սաուդյան Արաբիային, քանի դեռ Էր Ռիադը չի հանել Եմենի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանների շրջափակումը։