ՌԴ ԱԳՆ․ ԵՄ շուկան մրցակցային է՝ ՀՀ արտադրանքը գրկաբաց չի ընդունվի (PAN.am)

Եվրամիության ներքին շուկան խիստ մրցակցային և կարգավորվող է, ուստի հայկական արտադրանքի համար այնտեղ հարմարավետ պայմաններ չեն լինելու։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

«Դաժան իրականությունն այն է, որ ԵՄ ներքին շուկան խիստ մրցակցային և կարգավորվող է, ու այնտեղ հայկական արտադրանքին հաստատ գրկաբաց չեն սպասելու»,- ասել է Մասլեննիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոսին:

Միաժամանակ ռուսաստանցի դիվանագետը հիշեցրել է, որ, ինչպես ցույց է տվել պրակտիկան, թեկնածու երկրները ԵՄ անդամակցության կարող են սպասել ոչ միայն տարիներ, այլ նույնիսկ տասնամյակներ։

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Ռուսական կողմն իր հերթին հայտարարել է, որ միաժամանակ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի մաքսային միություններում գտնվելն անհնար է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում անդրադարձել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի մտադրությանը՝ նշելով, որ ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ հայտարարություն։ Պուտինն առաջարկել է Փաշինյանին հարցն ուղղել Հայաստանի ժողովրդին և դրանով փակել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պահպանման կամ Եվրամիությանն անդամակցելու թեման։ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ, իր գնահատմամբ, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը դեռևս չի հասունացել հանրաքվեի անցկացման մակարդակի։

Leave a comment