Մեծագույն մտահոգություն է եկեղեցու և կաթողիկոսի «դեմ տարվող արշավը, որին դիմակայելու համար ՀՅԴ կառույցները մեծ աշխատանք են տանում», հայտարարել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովի պաշտոնական բացման ժամանակ:
Նա նշել է, որ Արևմուտքն այսօր Հայաստանում հանդուրժում է ժողովրդավարական այնպիսի ոտնահարումներ, որոնք այլ պայմաններում, Հակոբ Տեր-Խաչատուրյանի գնահատմամբ, մեծ արձագանք կառաջացնեին Եվրոպայում և ԱՄՆ-ում, հայտնում է Sputnik Արմենիան:
«Մենք լուրջ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ՝ թե վեհափառների հետ խորհրդակցելով (Գարեգին Բ, Արամ Ա` խմբ․), թե միջազգային կազմակերպությունների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վատիկանի միջոցով զորակցության կոչեր ապահովելով, ինչպես նաև հստակորեն բացահայտելով, որ այս արշավը որևէ հիմք չունի, քաղաքական վրեժխնդրության հարց է։ Դժբախտաբար, Հայաստանում ժողովրդավարությունը նահանջի մեջ է, և հատուկ պայքար է տարվում ազգային արժեքները, գաղափարախոսությունը և ինքնությունը պաշտպանող կազմակերպությունների դեմ, որոնց առաջատարն է Հայ առաքելական եկեղեցին»,- նշել է Խաչատուրյանը։
Տեր-Խաչատուրյանը հույս է հայտնել, որ իրավիճակը չի հասնի Ամենայն Հայոց կաթողիկոսի ձերբակալությանը։ Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ իշխանություններն արդեն հատել են բոլոր կարմիր գծերը և ստացել են Արևմուտքի աջակցությունը, քանի որ, ըստ նրա, ՀՀ գործող իշխանությունն առաջ է մղել արևմտյան շահերը՝ տարածաշրջանից, այսպես կոչված, ռուսական ազդեցությունը դուրս բերելու ուղղությամբ։
Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»:
Մայր աթոռը «զեկույցի» առնչությամբ հայտարարել է, որ այն ՀԱԵ նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի և քինախնդրության դրսևորում է։