McDonald’s-ը միլիարդավոր դոլարներ կներդնի իր ֆրանչայզինգի ցանցին աջակցելու համար՝ ձգտելով ամրապնդել արագ սննդի ոլորտի առաջատարի իր դիրքը՝ մրցակցության սրման ֆոնին։ Այս մասին գրում է CNN-ը։
Ցանցը հայտարարել է, որ մինչև 2036 թվականը 8.5 մլրդ դոլար կներդնի մի շարք նախաձեռնությունների իրականացման համար։ Դրանք ներառում են ռեստորանների վերանորոգում, 2 մլն աշխատակցի վերապատրաստում, ինչպես նաև ճաշացանկում նոր ուտեստների ավելացում՝ նախատեսված բարձր սպիտակուցային սննդամթերք նախընտրող սպառողների համար։
Մոտ 5 մլրդ դոլարը կծախսվի միայն առաջիկա 3.5 տարվա ընթացքում։ Այդ միջոցները կուղղվեն ինչպես ֆրանչայզիների կապիտալ աջակցության, այնպես էլ նրանց վարձակալության վճարների արտոնությունների տրամադրմանը։
Այս ամենը բազմամյա ռազմավարության մի մասն է, որի նպատակն է վերադարձնել այցելուներին և մեծացնել շուկայի մասնաբաժինը։ Անցած ամիս McDonald’s-ը հայտնել էր, որ գրանցել է եռամսյակային աճի ամենացածր տեմպերը՝ 2025 թվականից ի վեր։ Ընկերությունը դանդաղումը բացատրել էր չափազանց մեծ թվով գովազդային ակցիաների գործարկմամբ, հաճախորդների սպասարկման ոչ բավարար որակով, ինչպես նաև այն հանգամանքով, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված լայնածավալ գովազդային արշավը չի կարողացել այցելուներ ներգրավել։
«Next» անվանումը ստացած նոր ռազմավարությունը նպատակ ունի ցանցը դարձնել «ավելի մեծ թվով հաճախորդների և ավելի շատ առիթների դեպքում առաջին ընտրությունը՝ միաժամանակ ռեստորաններն ավելի ուժեղ և կառավարումն ավելի պարզ դարձնելով»: Այսպիսի տեսլականով է կիսվել ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Քրիս Քեմփչինսկին՝ տարածած մամուլի հաղորդագրությամբ։