«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատրաստած ՀԱԵ մասին զեկույցը և պահանջել ՀՀ դատախազությունից և Հակակոռուպցիոն քննել զեկույցի օրինականությունը: Այդ մասին ասվում է միավորման խորհրդի հայտարարության մեջ:
Նշվում է, որ եկեղեցին թիրախավորող «զրպարտչական զեկույցը հիմնված է բանսարկությունների, մամուլի շինծու հրապարակումների և որոշ կարգալույծ հոգևորականների սուտ և անանուն մատնությունների վրա»:
«Սա բացահայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի դեմ։ Փաշինյանն ակնհայտ վերազանցել է իր լիազորությունները՝ կարգադրելով պատրաստել նմանօրինակ զեկույց, ՊՈԱԿ-ն էլ վերազանցել է իր լիազորությունները՝ կատարելով Փաշինյանի ակնհայտ ապօրինի կարգադրությունը։
Ներխուժելով եկեղեցու կանոնական հարցերի տիրույթ՝ թե՛ պատվիրատուն և թե՛ կատարողը կոպտորեն ոտնահարել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ, 18-րդ և 41-րդ հոդվածները, միջազգային տարբեր իրավանորմերի, մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի այն դրույթները, որոնք երաշխավորում են կրոնական կազմակերպությունների ինքնավարությունն ու պետությունից անջատ լինելու հանգամանքը։
Այս հակաիրավական ու հակաբարոյական զեկույցը նաև սպասարկում է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևի օրակարգը, որի նպատակն է կազմաքանդել Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, խարխլել հայ ժողովրդի ազգային-հոգևոր ինքնության հզոր հիմնասյունը, նվաստացնել ամբողջ հայությանը։
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը խստագույնս դատապարտում է այս հանցավոր գործողությունը և պահանջում ՀՀ դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից՝ իրավական գնահատական տալ տեղի ունեցածին։
Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Սահմանադրության և օրենքի առաջ պատասխան են տալու ինչպես սույն զեկույցի կազմմանը մասնակցած բոլոր անձինք, այդ թվում՝ ՊՈԱԿ-ի տնօրենը, դրա անմիջական պատվիրատուները, այնպես էլ կառավարության 2026-2031 թվականների ծրագիրն ընդունած ԱԺ ՔՊ-ական պատգամավորները, քանի որ նշված զեկույցը բխում է հենց այդ ծրագրի հակասահմանադրական դրույթներից։
Պատասխանատվությունը լինելու է անհատականացված` անկախ այն հանգամանքից, թե ում ինչ պայմաններում է իջեցվել հակասահմանադրական այս պատվերը»,-ասվում է հայտարարության մեջ:
Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»: