Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ: «Fox News»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Նախագահի խոսքով՝ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բազմիցս հայտարարել է, որ կրոնական կանոններով՝ ատոմային զենքի ստեղծումը մեղք է և արգելված է:
«Ինչ վերաբերում է զանգվածային ոչնչացման այդ զենքին… Մենք հայտարարել ենք ուրանի հարստացման մակարդակը նվազեցնելու պատրաստակամության մասին։ Դա խնդիր չէ: Մենք պատրաստ ենք ստուգումների»,– ասել է Իրանի նախագահը
Փեզեշքիանը նաև հիշատակել է հունիսին իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը: Փաստաթուղթը նախատեսում էր դադարեցնել ռազմական գործողությունները և հիմք դնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ավելի լայն համաձայնագրի համար:
Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը ձեռք բերված պայմանավորվածությունները խնդրահարույց չի համարում, առավել ևս, որ Թրամփն ինքն է ստորագրել փաստաթուղթը:
«Համաձայնագիրը ստորագրված է, և դրա հիման վրա մենք պատրաստ ենք և նախկինի պես ցանկանում ենք առաջ շարժվել»,-ասել է Փեզեշքիանը:
Միևնույն ժամանակ նա մեղադրել է ԱՄՆ-ին առանց որևէ իրավական հիմքի Իրանի վրա հարձակվելու մեջ՝ չնայած համաձայնագրի հիմնական սկզբունքների համաձայնեցմանը:
«Խնդիրն այն է, որ Ամերիկան երկխոսություն վարելու փոխարեն անցնում է ուժային գործողությունների՝ սկզբում ռմբակոծում է մեզ, ապա փակում բոլոր ճանապարհները։ Իսկ մենք պատրաստ ենք երկխոսության», – նշել է նա։
Թեհրանը պատրաստ է թույլ տալ ստուգումներ, սակայն, Փեզեշքիանի խոսքով, Իրանի վրա չպետք է ճնշում գործադրեն, շրջափակեն երկիրը և զրկեն ռեսուրսների հասանելիությունից:
Նախագահը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակումներն ու պատժամիջոցներով ճնշումը, Թեհրանը կշարունակի դիմադրությունը:
«Մենք կշարունակենք դիմադրությունը։ Մենք ելք կգտնենք, մեր երկիրը կշարունակի իր կյանքը։ Մենք կդիմանանք։ Այո՛, անշուշտ, մենք ունենք տնտեսական խնդիրներ, բայց դիմակայելով՝ կհաղթահարենք ցանկացած դժվարություն և կդիմանանք ամեն ինչի», – ասել է Փեզեշքիանը։
Ինչ վերաբերում է համաձայնության հասնելու ժամկետներին, Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել մինչև առաջիկա նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները, սակայն այդ ժամկետը սկզբունքային չի համարում:
Ավելի վաղ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում բանակցություններ են կայացել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և ամերիկյան հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի ու ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների միջև: