ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային գործընթացներին՝ հատուկ շեշտադրելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական միջնորդությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստորագրված Խաղաղության հռչակագիրը։ Նրա խոսքով՝ այդ իրադարձությունը բեկումնային էր Հարավային Կովկասում կայունություն հաստատելու գործում։
Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի ընթացքը։ Հայաստանը և Միացյալ Նահանգները ներկայումս աշխատում են «TRIPP development company»-ի ստեղծման շուրջ, որտեղ սկզբնական շրջանում Հայաստանը կունենա 26 տոկոս բաժնեմաս, իսկ ԱՄՆ-ն՝ 74 տոկոս, ընդ որում՝ 50-րդ տարում ՀՀ բաժնեմասը կդառնա 49 տոկոս՝ առանց լրացուցիչ ներդրման։
Նախագծի շրջանակներում նախատեսվում է վերականգնել Մեղրիի և Երասխի երկաթուղային հատվածները, ինչը Հայաստանին հնարավորություն կտա վաղ 90-ականներից ի վեր առաջին անգամ երկաթուղային ապաշրջափակում ունենալ Ադրբեջանի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։ Ծրագրի իրագործումը ենթադրում է նաև անխոչընդոտ երկաթուղային կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Հայաստանի հյուսիսային ու հարավային շրջանների միջև՝ Նախիջևանի տարածքով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Թուրքիայի հետ երկաթուղու բացմանը զուգահեռ, սա կդառնա միջազգային լոգիստիկայի խոշորագույն նախագծերից մեկը՝ միացնելով Պարսից ծոցն ու Սև ծովը։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների վստահությունը «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ Նա պնդել է, թե չնայած արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներին և հիբրիդային սպառնալիքներին, ժողովրդավարական ինստիտուտները կանխել են պետության զավթման փորձերը։
Ելույթի ավարտին Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև արտաքին քաղաքականության տրանսֆորմացիայի մասին՝ նշելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները բնականոն կերպով փոխվում են և պետք է զարգանան փոխադարձ հարգանքի հիման վրա։ Նա վերահաստատել է պատրաստակամությունը՝ շարունակելու հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ և խորացնելու բարիդրացիական կապերը Իրանի ու Վրաստանի հետ, ինչպես նաև հրավիրել է ներկաներին մասնակցելու հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովին (COP17)։