Քաղաքականություն
24.09.2026 | 17:43
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում է երեք անհետաձգելի քայլերի իրականացման հարցում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ապաէսկալացիայի և Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ուղղված ջանքերի շրջանակում։ ՌԲԿ-Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է Axios-ին տված հարցազրույցում։
Ըստ Զելենսկիի՝ խոսքը հետևյալ քայլերի մասին է՝
- էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ հարվածների դադարեցում՝ հրադադար,
- Սև ծովում «հացահատիկային միջանցքի» գործունեության վերականգնում,
- ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ հանդիպում, որը, ենթադրաբար, կանցկացվի Աբու Դաբիում։
Նա նշել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածների համատեղ դադարեցման առաջարկը ստացվել է ԱՄՆ-ից, և Ուկրաինան պատրաստ է համաձայնել դրան։
«Այժմ օրակարգում է առաջարկը՝ էներգետիկ հրադադար։ Մենք պատրաստ ենք»,- նշել է Զելենսկին։
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը ձգտում է կրկին բացել «հացահատիկային միջանցքը» և անցկացնել եռակողմ հանդիպում։
ԱՄՆ-ն առաջարկել է նախ անցկացնել տեխնիկական խմբերի հանդիպում, այլ ոչ թե հանդիպում առաջնորդների մակարդակով։ Հնարավոր վայրերից մեկը նրանք առաջարկել են Աբու Դաբին։
«Մենք բաց ենք առաջարկների համար՝ ցանկացած երկիր, ցանկացած ձևաչափ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում, հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի