ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցում, որը ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցում «ճգնաժամը», թվարկված են «կուսակրոնության ուխտը խախտած» հոգևորականների անունները։
Զեկույցում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից զատ կուսակրոնության ուխտի խախտում է վերագրվում նաև նրա եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանին, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանին, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանին, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին և Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին։
Ուշագրավ է, որ Փաշինյանի ղեկավարած կառավարության հրապարակած զեկույցում նաև Փաշինյանի հայտարարած եկեղեցին «բարեփոխելու» գործընթացին միացած Միրզախանյանն է ներկայացվում որպես «կուսակրոնության ուխտը խախտած»։
Factor.am-ը փորձեց նրանից պարզաբանում ստանալ, սակայն, եպիսկոպոսը մեր զանգերն անպատասխան թողեց։
Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն էլ Factor.am-ին փոխանցեց, որ հարցազրույց տալու ցանկություն չունի, հոգևոր ծառայությամբ է զբաղված։ «Ես չեմ կարդացել, տեղյակ չեմ, երբ ծանոթանամ, կխոսենք»,-ասաց արքեպիսկոպոս Քարամյանը։
Նշենք, որ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, ըստ մամուլի հրապարակումների, Արգիշտի Քյարամյանի հայրն է։ Արգիշտի Քյարամյանը Փաշինյանի որոշումներով աշխատել է ՊՎԾ պետ, ԱԱԾ տնօրեն, իսկ Կառավարության որոշմամբ՝ ՔԿ նախագահ։ Նա այժմ պաշտոն չի զբաղեցնում։
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը մեր զանգին ի պատասխան նշեց, որ հեռախոսով հարցազրույց չի տալիս, իսկ մյուս հոգևորականները մեր զանգերն անպատասխան թողեցին։
Նարեկ Կիրակոսյան