«Հրթիռի վրա»․ Զելենսկին այսպես է պատասխանել ռուս լրագրողի հարցին՝ երբ է ժամանելու Մոսկվա

Քաղաքականություն

24.09.2026 | 16:30

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ռուսական ВГТРК-ի թղթակից Վալենտին Բոգդանովը հարց է ուղղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, թե ե՞րբ է այցելելու Մոսկվա։ Սա այն պայմանն է, որը Կրեմլն առաջադրում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների անձնական հանդիպման համար, գրում է Meduza-ն։

Լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութի համաձայն՝ ռուս լրագրողը հասել է Զելենսկիին, երբ նա քայլում էր փողոցով և անգլերենով զրուցում այլ լրագրողների հետ։

Բոգդանովը բազմիցս ռուսերեն բղավել է․ «Վլադիմիր Ալեքսանդրովիչ, ե՞րբ եք գնում Մոսկվա»։

Ուկրաինայի նախագահը սկզբում անտեսել է նրան, բայց, ի վերջո, պատասխանել․ «Հրթիռի վրա»։

Զելենսկիի այս հայտարարությանն արձագանքել են Կրեմլից։

«Զելենսկին այս պահին բազմաթիվ հայտարարություններ է անում, սակայն Կրեմլը չի ​​լսել, որ նա հրաժարվի Մոսկվա գալուց։ Զելենսկին չի հրաժարվել Մոսկվա գալուց։ Ամեն դեպքում՝ ես դա չեմ լսել»,- այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների՝ հավելելով, որ ուկրաինացի քաղաքական գործիչն այս պահին «շատ հայտարարություններ է անում»։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայում խաղաղության գործընթացի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment