Սեպտեմբերի 24-ին ԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցներ կիրառելու առաջարկին, որը նախատեսում է արտահանման մոտ 80 տոկոսի ազատականացում։ Այդ մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա նշել է, որ հիշյալ կարգավորման ընդունմամբ Հայաստանը դառնում է միակ երկիրը, որը չունենալով ԵՄ թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ հետ կնքված «Խոր և համապարփակ ազատ առևտրի» համաձայնագիր, ստանում է նման տնտեսական արտոնություն, ինչը ևս մեկ անգամ վկայում է ՀՀ-ԵՄ գործընկերության աննախադեպ բարձր մակարդակի մասին և համահունչ է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի հռչակագրի ոգուն և գործընկերության ռազմավարական օրակարգին
Ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ ռեժիմը գործելու է 2 տարի ժամկետով:
«Եվրոպական խորհրդարանի և ԵՄ խորհրդի նախագահների կողմից ստորագրվելուց հետո կարգավորումը կհրապարակվի ԵՄ պաշտոնական տեղեկագրում և դրան հաջորդող օրը կմտնի ուժի մեջ։ ԵՄ այս կարգավորմամբ կազատականացնեն դեպի ԵՄ տարածք Հայաստանի արտահանումների մոտ 80%-ը՝ կասեցնելով ներմուծման մաքսատուրքերն ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ։
Հիշյալ միջոցները կնպաստեն Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը, հայկական ապրանքների համար ԵՄ շուկայի հասանելիության ընդլայնմանը և ՀՀ-ԵՄ տնտեսական ու առևտրային համագործակցության հետագա խորացմանը։ Ուժի մեջ մտնելուց հետո արտոնյալ ռեժիմը գործելու է 2 տարի ժամկետով»,-նշել է նա:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին, ԵՄ խորհուրդն առանց փոփոխությունների համաձայնություն էր տվել նախագծին։ Սեպտեմբերի 15-ին փաստաթղթին հավանություն է տվել նաև Եվրոպական խորհրդարանը՝ լիագումար նիստում։ Սեպտեմբերի 23-ին նախագիծն ընդունվել է ԵՄ խորհրդի՝ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում։