ԵՄ-ն Ուկրաինային կփոխանցի ևս 3 միլիարդ եվրո

Եվրոպական միության խորհուրդը հաստատել է Ukraine Facility ծրագրի շրջանակում Ուկրաինային շուրջ 3 միլիարդ եվրոյի չափով ութերորդ կանոնավոր հատկացման տրամադրումը: Հատկացվող գումարից մոտ 800 միլիոն եվրոն առաջին անգամ տրամադրվում է Ուկրաինային աջակցող վարկային միջոցների հաշվին:

ԵՄ խորհրդի հայտարարության համաձայն՝ ֆինանսական միջոցներն ուղղվելու են երկրի մակրոֆինանսական կայունության պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանը, պետական ապարատի աշխատանքին և բարեփոխումների իրականացմանը: Հերթական տրանշն ստանալու համար ուկրաինական կողմն ապահովել է նախատեսված 10 թիրախային ցուցանիշների կատարումը: Ընդհանուր առմամբ, Կիևն այս պահի դրությամբ իրականացրել է նախատեսված 95 ցուցանիշներից 84-ը:

Բացի այդ, ԵՄ խորհուրդը փոփոխություններ է կատարել աջակցության ծրագրում՝ ներառելով Նորվեգիայի կողմից տրամադրված 1 միլիարդ նորվեգական կրոնի (շուրջ 92 միլիոն եվրո) անհատույց ներդրումը: Նորվեգիան դարձել է ԵՄ անդամ չհանդիսացող առաջին երկիրը, որը միջոցներ է փոխանցել Ukraine Facility-ի առաջին բաղադրիչին:

Այս հատկացումից հետո 2024 թվականի կեսերից ի վեր Ukraine Facility ծրագրով Ուկրաինայի ստացած ընդհանուր ֆինանսավորումը կգերազանցի 32 միլիարդ եվրոն: Մինչև 2027 թվականը նախատեսված ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 50 միլիարդ եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment