Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար․ ԱՆ–ն զգուշացնում է
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած տեղեկատվությունը, որպես կանխարգելիչ միջոց հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։
«Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր», – նշվում է ՀՎԿԱԿ-ի հաղորդագրությունում։
Կենտրոնից նաև հորդորում են ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության մասին տեղեկացնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը։
Ավելի վաղ «Վեոլիա Ջուրը» հայտնել էր Արզական–Քանաքեռ–Զովունի ջրատարի վթարի մասին՝ նշելով, որ նման խոշոր վթարների դեպքում ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։ Ընկերությունից հայտնել էին նաև, որ ջրի որակի վերահսկողությունը շարունակվել է վթարի ընթացքում, իսկ ջրի նմուշառման բոլոր վերահսկվող կետերում արձանագրվել է քլորի առկայություն։