Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական հրավեր է ստացել այցելելու Ռուսաստանի Դաշնություն։ Այցի հստակ ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով։ Այս մասին ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ Ռուսաստանում միշտ ուրախ են տեսնել ԿԺԴՀ ղեկավարին, և ընդգծել է, որ 2024 թվականի հունիսին Փհենյանում ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունները դուրս է բերել որակապես նոր՝ դաշնակցային մակարդակի։
Ռուդենկոյի խոսքով՝ հիմնարար փաստաթղթի ոգուն և տառին համապատասխան, տարբեր մակարդակներում ընթացող ակտիվ երկխոսության շրջանակներում ինտենսիվ աշխատանք է տարվում երկկողմ փոխգործակցության հետագա կատարելագործման ուղղությամբ։ Այն ներառում է նաև գործնական ոլորտները՝ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գծով։